Ջեռուցում չունենալու պատճառով նոյեմբերի 24-ից պարապմունքները Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում դադարեցվել էին: Դեռևս 2006թ. կառուցված մարզադպրոցը նախորդ տարիներին ջեռուցվել է, սակայն ջեռուցման աշխատանքի անորակ կատարման պատճառով ջեռուցման համար ծախսվում էր նախատեսվածից ավելի շատ գազ: Այս մասին մեզ հայտնեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության, սպորտի զարգացման ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը:
2019թ. տեղական բյուջեով մարզադպրոցին հատկացվել է 20 հազար լարի, ջեռուցման համակարգի և առաստաղի վերանորոգման աշխատանքների իրականացման համար, սակայն մրցույթը մասնակից չունենալու պատճառով չի կայացել և այդ աշխատանքները չեն իրականացվել:
Արդյունքում որոշում է կայացվել այդ գումարով տեղադրել երկու ջեռուցման կաթսաներ և դրանով լուծել մարզադպրոցի ջեռուցման խնդիրը: Ժորա Սնխչյանը նշեց, որ ցանկացողները կարող են իրականացնել այդ աշխատանքները ուղղակի պայմանագրի միջոցով: