2019թ.-ին մունիցիպալիտետում իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքները

2019թ.-ին մունիցիպալիտետում իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքները

2019թ.-ի ավարտին մնացել է մեկ ամիս ժամանակ: Ռադիո NOR-ը որոշեց ճշտել, թե այս տարի ինչ շինաշխատանքներ են կատարվել մունիցիպալիտետում և որոնք են դեռևս ընթացքի մեջ:

Ամբողջությամբ ավարտին են հասցվել հետևյալ աշխատանքները՝ ասֆալտապատվել են 2019թ. բյուջեով նախատեսված Նինոծմինդա քաղաքի փողոցները, Սաթխա-Սպաովկա, Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհահատվածները: Ավարտվել է Մեծ Գոնդուրա, Մամզարա, Տամբովկա գյուղերում բուժկետերի կառուցումը, իսկ Սաթխա գյուղի բուժկետը վերանորոգվել է: Վերանորոգվել են Գորելովկա գյուղի թիվ 2, թիվ 3 դպրոցները, Նինոծմինդա քաղաքի թիվ 3 և թիվ 4 դպրոցները, փոխվել են Օրոջալար գյուղի դպրոցների պատուհանները, վերանորոգվել են նաև Փոկայի, Սաղամոյի, Դիլիֆի և Փոքր Գոնդուրայի դպրոցները:

Փոսալցվել են Նինոծմինդա քաղաքի ասֆալտապատ փողոցները: Սպաովկա, Գորելովկա, Մեծ Խանչալի, Փոքր Արագյալ գյուղերում և Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում կառուցվել կամ վերանորոգվել են մինի մարզադաշտերը: Կառուցվել է Նինոծմինդա քաղաքի շուկան: Վերանորոգվել են Ժդանովական, Ուչմանա և Օրոջալար գյուղերի արարողությունների տները: Շարունակվել է Գանձա գյուղի մարզադահլիճի կառուցապատման աշխատանքները, վերանորոգչական աշխատանքներ են տարվել Վահան Տերյանի տուն-թանգարանում: Նինոծմինդայի մունիցիպալիտետում իրականացվել են գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ, տեղադրվել են ճանապարհային ցուցանակներ: Վերանորոգվել է Օրլովկա և Սպասովկա գյուղերի ջրագիծը: Բարեկարգվել է Նինոծմինդա քաղաքի արարողությունների տան բակը: Նինոծմինդա քաղաքի Պուշկին և Քութաիսի փողոցներում անցկացվել է կոյուղագիծ: Մեծ Արագյալ գյուղում վերանորոգվել է մարզադաշտը, Փոկա գյուղում վերանորոգվել է ջրագիծը:

Դեռևս ընթացքի մեջ են գտնվում հետևյալ աշխատանքները՝
Նինոծմինդայի Շտապ օգնության ծառայության շենքը կառուցապատվել է 70 տոկոսով: Ընթացքի մեջ են գտնվում Ժդանովական, Ջիգրաշեն, Թորիա, Մեծ Խանչալի և Փոքր Խանչալի գյուղերի բուժկետերի կառուցումը: Գանձա գյուղի արարողությունների տան վերանորոգումը ևս ընթացքի մեջ է: Ջիգրաշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգումը և Գանձա գյուղի մանկապարտեզի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները ևս ընթացքի մեջ են: Չի կայացել Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթը: