Քաղաքակրթությունից հեռու ապրող յուրաքանչյուր ժողովուրդ ունի միայն իրեն հատուկ սովորույթներ, որոնք կարող են տարօրինակ թվալ քաղաքակիրթ ժողովուրդներին՝ սկսած կենցաղից, ավանդույթներից ու սովորություններից: Հեռավոր հյուսիսում բնակվող չուկչաներին, օրինակ` բնորոշ է խմբակային ամուսնությունը, ինչը քաղաքակիրթ աշխարհում, մեղմ ասած, զավեշտ է համարվում:
Ավանդույթի համաձայն՝ չուկչաների մի քանի ընտանիք, ելնելով բնակլիմայական ու կենցաղային պայմաններից, միավորվում, կազմում էր մեկ ընտանիք`ընդհանուր կենցաղ վարելու համար:
Այս փոքր կոմունաներում ամեն ինչ ընդհանուր էր՝ աշխատանքային գործիքներից մինչև կանայք, հետևաբար, ընդհանուր են նաև երեխաները:
Հյուսիսի հեռավոր շրջանի այդ բնակիչները՝ չուկչաները, ապրում են լևիրատ ամուսնության (տեգրամուսնության) օրենքով: Սա այդ ժողովրդին հատուկ ամուսնական ավանդույթ է, որը կերակրող տղամարդուն կորցրած ընտանիքներին թույլ է տալիս չմնալ առանց գոյատևման միջոցների: Մահացած տղամարդու եղբայրը կամ ընտանիքի մյուս մերձավոր ազգականը, այս օրենքի համաձայն, ամուսնանում է այրու հետ և որդեգրում նրա երեխաներին:
Սրանով է բացատրվում նաև չուկչաների մոտ ընդունված խմբակային ամուսնության ավանդույթը: Ամուսնացած տղամարդիկ պայմանավորվում են միավորել ընտանիքները՝ փոքրիկ այդ համայնքն ապահովելով աշխատուժով և նյութական միջոցներով: Հետևաբար, հաճախ աղքատ ընտանիքները ձգտում են միավորվել հարուստ հարևանների կամ ընկերների հետ: Համաձայնություն գալուց հետո տղամարդիկ դադարում են գիշերն անցկացնել իրենց կանանց հետ: Կանայք նրանց համար չեն օտարանում, պարզապես դառնում են «ընդհանուր»՝ ընտանիքի բոլոր տղամարդկանց համար: Նման ընտանիքներում ծնված երեխաները համարվում են քույրեր և եղբայրներ: Նրանք դաստիարակվում են ընտանիքի բոլոր անդամների կողմից:
Հետաքրքիր ու յուրահատուկ կյանքով են ապրում նաև Տունդրայում բնակվող, եղջերու պահող քոչվոր ցեղերը: Երկար ժամանակ լուրեր էին շրջանառվում` իբր նրանք իրենց հյուր գնացած տղամարդուն առաջարկում էին մերձենալ իրենց կանանց հետ՝ ցեղակիցների արյունը թարմացնելու համար:
Յամալում մոտ 16,5 հազար մարդ ապրում է քոչվոր կյանքով: Նրանք գրեթե չեն հեռանում իրենց բնակավայրերից և չեն օգտվում քաղաքակիրթ կյանքի հնարավորություններից: Ընդունված էր նրանց բոլորին համարել շամաններ, թեև դա այդպես չէ:
Տարածված կարծիք է, թե եղջերու պահող ցեղերը հարբեցողներ են: Նման կարծրատիպ ձևավորվել է մի քանի պատճառով: Հաճախ, երբ մի քանի ամիս շարունակ տունդրայում մնալուց հետո, մեկուսացած ապրող այդ մարդիկ հայտնվում են քաղաքում, նրանք առաջին հերթին այցելում են գինետուն և մեկ բաժակից հարբում: Դա բացատրվում է այն հանգամանքով,որ հյուսիսում բնակվող բազմաթիվ ժողովուրդներ ունեն անբավարար քանակությամբ ֆերմենտներ, որոնք պատասխանատու են ալկոհոլի տրոհման համար: Ընդհանուր առմամբ, տունդրայում խմելը վտանգավոր է. պետք է հսկել նախիրն ու ապահովել դրա անվտանգությունը:
Թվում է, թե նման կենցաղն ու բնակլիմայական պայմանները պետք է պատճառ դառնային, որ տեղաբնակները վաղուց լքած լինեին հարազատ վայրերն ու տեղափոխվեին քաղաքակիրթ աշխարհ, սակայն այդպես չէ: