Վրաստանում կենսաապահովման նվազագույն բյուջեն 170 լարի 80 թեթրի է

Վրաստանում կենսաապահովման նվազագույն բյուջեն 170 լարի 80 թեթրի է

Այսօր Վրաստանում կենսաապահովման նվազագույն բյուջեն 170 լարի 80 թեթրի է (մոտ 58 դոլար), այսինքն, պետությունը մտածում է, որ այս գումարը բավարար է, որպեսզի մարդը մեկ ամսվա ընթացքում կարողանա ապրել: «Ազատություն» ռադիոկայանի վրացական բյուրոյի լրագրող Թեա Թոփուրիան որոշել է մեկ ամիս ապրել կենսաապահովման նվազագույն բյուջեով: Ներկայացնում ենք առաջին շաբաթվա արդյունքները։

Օր 1.

Որպեսզի 171 լարին մի կերպ բավարարի 1 ամիս, մի քանի անհրաժեշտ կանոններ պետք է պահպանել: Այդ կանոնները մշակեցի առաջին իսկ օրը:

1. Ոչ մի պատրաստի ուտելիք` թանկ է

2. Ոչ մի միս, կարագ, թթվասեր… միսը կենսաապահովման նվազագույն զամբյուղում կա, սակայն այն գնելու գումար դեռ չեմ կարողացել հատկացնել

3. Ոչ մի սրճարան ու տաքսի, այն էլ հիմա, երբ տաքսու ուղեվարձը գնացքի տոմսին համարժեք է դարձել

4. Ոչ մի բուժում` միայն այն, ինչ ծածկում է պետական ապահովագրությունը, օրինակ` ոտքի կոտրվածք: Սակայն ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր հակադեպրեսանտներ, հակաբեղմնավորիչներ, ցավազրկող, կամ թեկուզ վիտամին «Դ»-ի կարիք ունեն: Երևի նյարդերը պետք է հանգստացնեն պատշգամբում նստելով ու մայրամուտին նայելով, իսկ անցանկալի հղիությունից ավելի էժան միջոցով կպաշտպանվեն, օրինակ` պառկել և քնել:

5. Ոչ մի ընտանի կենդանի: Եթե դու սոված ես, էլի ոչինչ, բայց երբ ուրիշն է նայում քեզ սոված աչքերով, դա իրոք անտանելի է: Ես հիմա միայն փոքր խամյակ ունեմ, որին բավականացնում է նույնիսկ գազարը, սակայն ժամանակին տաքսա ունեի: Մի անգամ, Կռիլովի ագռավի նման մի ամբողջ գլուխ պանիր գողացավ, մի անգամ էլ` թխվածքի կտոր ընկավ սառնարանից: Երկար ժամանակ սառնարանի մոտ հաչում էր, իսկ հետո պառկում ու նայում` միգուցե թխվածքն իր ոտքով դուրս գար:

Օր 2.

Ուշադիր ուսումնասիրեցի տանը մնացած ուտելիքը` 1 կգ հնդկաձավար, 1 կգ. ոսպ և 1 պահածոյացված տոմատ: Վերջինի համար այնքան ուրախացա, որքան «Դաշնակահար» ֆիլմում ուրախացել էր գլխավոր հերոսը` պահածոյացված վարունգ գտնելով (ով չի հիշում, գործողությունները տեղի էին ունենում ֆաշիստների կողմից գրավված Լեհաստանում, իսկ գլխավոր հերոսը հրեա դաշնակահար էր):

Բացի դրանից, գնեցի արևածաղիկ, 3 գազար և 3 սոխ, 3 տուփ գրպանի անձեռոցիկ, 1 կգ. շաքարավազ, 1 կգ. բրինձ, սուրճ և… հա, դա չպետք է ասեմ` թխվածք: Ես քաղցրավենիք սիրում եմ ու մի օրում դրանից հրաժարվելը հեշտ չէ:

Այս ամենը 11 լարի և 10 թեթրի արժեր: Ճանապարհածախսը չեմ հաշվում, քանի որ, որպես կանոն, այնպիսի տեղեր եմ գնում, որ եթե իրոք ապրեի կենսաապահովման նվազագույն բյուջեով, ապա աշխատանքի և համալսարան չէի գնա, որի տարեկան վճարը 2 500 լարի է:

Օր 3.

Այսպիսով, գործազուրկ եմ, անկիրթ, նյարդայնացած… սկզբում նույնիսկ մրսում էի, քանի որ տնտեսելու նպատակով անջատել եմ տաքացումը, սակայն երբ երկու օրից մեջքս սկսեց ցավել, նորից միացրեցի: Իմ գրիպը պետությունը չի բուժի, իսկ դեղը տաքացումից էժան չէ: Համ էլ խոզուկս ուրախացավ, դունչը դուրս հանեց: Մինչ այդ ցրտից այնպես էր թաքնվել իր բնում, որ չէիր նկատի:

Օր 4.

Բրինձը 1 գազարով և 1 սոխով համով ստացվեց: Փոխարենը` արևածաղիկը հուսախափ արեց` էժան էր, սակայն վատը, բայց միևնույն է կերա: Բյուջետային ուտեստ չկարողացա պատրաստել: Մճադի ալյուրը թթվասերի մեջ խառնեցի, մտածեցի` պանիր պետք չի գա և այնպիսի հիմարություն ստացվեց, որ դուրս նետելու ենթակա էր: Իսկ ես մի ամբողջ 4 լարի էի ծախսել:

Անցյալ ամսվա կոմունալ վճարումները հայտնվեին. լույսը` 10 լարի, մաքրումը` 2.50, ջուրը` 4, գազը` 21.11: Ընդհանուր` 37.71 լարի (մոտ 12 դոլար): Ձեռքս չի գնում, բայց դե դրա հերն էլ անիծած` կիմանամ, որ վճարումներն արված են:

Օր 5.

Տանը մնացած հնդկաձավարը եփեցի և ամբողջ օրը կերա: Մի քանի օրվա հաց կտրեցի: Նորից թխվածք առա, իհարկե, ինքս ինձ նախատելով: Նաև ստիպված էի լամպ գնել, քանի որ վառվել էր: 5 լարիանոցն ընտրեցի: Ավելի էժան գնել էի նախորդ շաբաթ, սակայն վառվել էր:

Եկեղեցում բլիթին 1 լարի տվեցի: Սովորական շաբաթ էր: Երբ շաբաթը հուղարկավորման հետ է համընկնում, մահացածի հարազատներից շատ տեղացի անտուններն են ողորմություն խնդրում: Մարդիկ, ի նշան հարգանքի, հաց, գինի, յուղ և ջուր են բերում և տալիս նրանց, ովքեր ողորմություն են խնդրում: Մի քանի անգամ յուղն այնպես ներծծվեց, որ հոգևորականը չհասցրեց նույնիսկ պատարագ սկսել: Մի ծեր կինն այնպես լցրեց իր պարկերը մրգով, որ չէր կարողանում տանել ու ես օգնեցի պարկերը հասցնել տուն:

Օր 6.

Այսօր ընկերոջս խաչապուրին ինձ հագեցրեց, սակայն, փոխարենը շամպուն չգնեցի: Առանց այդ էլ շատ գումար եմ ծախսել: Գլուխս օճառով լվացի և հետո բալզամ քսեցի: Ճիշտ է` առավոտյան դժվարությամբ սանրեցի, բայց ոչինչ: Իսկ եթե շորերս պատռվեն ի՞նչ եմ անելու: Նոր բան գնելն անհնար է: Երևի հին շորերի հույսին եմ մնալու: Դրա համար է, որ այսօր տատիկները, որպես կանոն, թոռնիկներից ժառանգած հագուստով են լինում: Միայն մեզ մոտ կարելի է տեսնել բոթասներ հագած տարեցներ` երիտասարդների վերնաշապիկով ու բրդյա բաճկոնով:

Օր 7.

Այսօրվա մենյուն ընտիր է` ձու և հաց: Նորից հնդկաձավար եմ խաշել, սուրճ դեռևս չունեմ: Թեև այս ամենի համար արդեն 100 լարի եմ ծախսել, բայց առջևում դեռ 3 շաբաթ կա:

aliq.ge