Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցների, մանկապարտեզների և շրջանային այլ պետական հաստատությունների աշխատակիցները հայտնում են, թե իրենց հորդորում են մասնակցել կառավարությանն աջակցող ցույցին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, Թբիլիսիում: Ոմանք էլ նշում են, թե անգամ աշխատանքից ազատվելու սպառնալիքներ են ստացել, եթե հրաժարվեն մասնակցել ցույցին։
Տարբեր հաստատություններում ղեկավարները տարբեր կերպ են «դրդում» աշխատողներին հանրահավաքի գնալ:
«Մեզ ասացին, որ 14-ին մեզ կտանեն Թբիլիսի, իսկ հետո հետ կբերեն: Նրանք մեզ սպառնացին, որ եթե չգնանք, ապա կզրկեն հավելավճարներից», — ասում է Ախալքալաքի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը:
Ոմանց նույնիսկ չեն ասում ուղևորության իրական նպատակի մասին, բայց պնդում են մասնակցել:
«Այսօր մեզ ասացին, որ 14-ին Թբիլիսի էքսկուրսիա ենք գնում, կլինի համերգ, որից հետո հանդիպում ղեկավարության հետ: Գիտեմ, որ որոշ դպրոցներում անգամ ցուցակ են ներկայացրել, թե ովքեր պետք է անպայման գնան», — ասում է Ախալքալաքի դպրոցներից մեկի ուսուցիչը:
Ինչպես գրում է լրատվականը, բոլոր հարցվածները խնդրել են չհրապարակել իրենց անուններն ու աշխատավայրը՝ ղեկավարության հետ խնդիրներից խուսափելու համար։
«Ալիք մեդիային» Նինոծմինդայի շրջանի դպրոցներից հաստատեցին դեկտեմբերի 14-ին Թբիլիսի ժամանելու փաստը՝ անուններ կամ հաստատություններ չհրապարակելու պայմանով:
Ինչպես պարզեցինք, Ծալկայի շրջանում ևս «հանրահավաքի մասնակից են հավաքում»՝ ասելով, որ դեկտեմբերի 14-ին գնալու են Ռուսթավի՝ միջոցառման:
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մասշտաբային ցույց է նախատեսում: Իսկ դեկտեմբերի 12-ին բողոքի հերթական ակցիան է պլանավորել ընդդիմությունը։aliq.ge