Վրաստանը կվերականգնի տարածքային ամբողջականությունը՝ «սիրով, եղբայրությամբ և բարեկամությամբ». Իվանիշվիլի

Վրաստանը կվերականգնի տարածքային ամբողջականությունը՝ «սիրով, եղբայրությամբ և բարեկամությամբ». Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է այն մասին, որ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի, սակայն վերջինիս դերակատարությունը փոքրանալու է։ Այդ մասին վարչապետը հայտարարել է վրացական տարածաշրջանային հեռուստաընկերության՝ «Աչարայի» եթերում։

«Մենք պետք է համոզենք մեր աբխազ և օս եղբայրներին, որ կառուցում ենք լավ երկիր և նրանց հետաքրքիր է լինելու այնտեղ ապրել, և նրանք պետք է ցանկություն ունենան այստեղ ապրելու։ Շեշտը պետք է դրվի դրա, այլ ոչ թե Ռուսաստանի որոշման վրա»,-ասել է նա։

Իվանիշվիլին նշել է, որ ՌԴ նախագահն իր ելույթներում ակնարկում է, որ այնտեղ բնակվողներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը։

«Ես դա զգացել եմ։ Եվ երկու անգամ տեսել եմ նման ակնարկ, և դա ինձ դուր է եկել։ Այդպես էլ պետք է լինի։ Մենք պետք է հարթենք մեր հարաբերությունները մեր եղբայրների հետ։ Միայն բարեկամաբար և եղբայրաբար, այլ ոչ ուժով։ Թող ոչ ոք չմտածի, որ մենք կարող ենք ուժ կիրառել մեր եղբայրների՝ աբխազների և օսերի նկատմամբ»,- ասել է նա։

tert.am



Opinion, pooling and voting