Ընթացիկ տարվա հունիս ամսին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին
հաջորդիվ Դիլիջանում կայացած գործարար համաժողովի ընթացքում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչների, հայ և վրացի բազմաթիվ գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացավ գործարարների հանդիպում:
Հանդիպմանը մասնակցեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի, մասնավորապես Սամցխե-
Ջավախեթի և Քվեմո Քարթլի նահանգների տնտեսական զարգացմանն ուղղված հարցերը:
Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին տուրիզմի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, արևային էներգիայի և այլ շահավետ ոլորտներում իրականացնելու բիզնես-նախագծեր՝ կատարելով համապատասխան ներդրումներ:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն իսկ սկսվել է տարբեր
ոլորտներում բիզնես նախագծերի մշակման գործընթացը: Հայ և վրացի գործարարների փոխշահավետ գործընկերությունը կտա իր շոշափելի արդյունքները և
կնպաստի Հայաստանի ու Վրաստանի տնտեսական զարգացմանն ու ինտեգրմանը: