Թբիլիսիի սակրեբոլոյի (ավագանի) շենքում աղմուկ է բարձրացել: Ընդդիմության ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները սակրեբուլոյի մեծամասնության պատգամավոր Էրեկլե Կուխիանիձեի գրասենյակում ցույց են կազմակերպել: Նրանք պահանջում են վերջինիս հրաժարականը:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն պատրաստվում դուրս գալ գրասենյակից, ինչից հետո վրան են տեղադրել գրասենյակի կենտրոնում, իսկ պատերին փակցրել են «Փոխի՛ր», «Բժիշկ Վաժան հերոս է» վերտառությամբ պաստառներ: Իրավապահները փորձել են հեռացնել ցուցարար պատգամավորներին: Ուժի կիրառմամբ ոստիկանները գրասենյակից հեռացրել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լևան Խաբեիշվիլիին:
Նախօրեին սակրեբուլոյի շենքի դիմաց ևս ակցիա էր կազմակերպվել: Սակրեբուլոյի նախագահը խոստացել էր, որ արդեն այսօր Կուխիանիձեի հետ կապված որոշման մասին հայտարարություն կանի:
Հիշեցնենք, որ սակրեբուլոյի պատգամավոր Էրեկլե Կուխիանիձեն ֆեյսբուքյան իր էջում հայհոյանքներով լի գրառում էր կատարել նոյեմբերի 9-ին ռուսական ուժերի կողմից ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամների մասին: Վերջինս Գափրինդաշվիլիներին սադրիչ էր նաև անվանել: Պաշտոնյայի այս հայտարարությունը սոցցանցերում լուրջ քննադատության տեղիք է տվել։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրել գրառման համար։
Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ Վաժա Գափրինդաշվիլին այս տարվա նոյեմբերի սկզբին ձերբակալվել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տարածքում՝ ռուս սահմանապահների կողմից և մեղադրվում էր «սահմանը ապօրինի հատելու մեջ»։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մեկնել էր հիվանդին օգնելու համար։ Ուրբաթ օրը Ցխինվալիի դատարանը բժշկի համար երկամսյա նախնական կալանքի որոշում կայացրեց։aliq.ge