Ներառական կրթության իրականացումը Նինոծմինդայում

Ներառական կրթության իրականացումը   Նինոծմինդայում

Սաթխա գյուղից Արտաշ Չախոյանը, ով սովորում է երկրորդ դասարանում և ներառական կրթության շնորհիվ արդեն շատ բանի է հասել:

Արտաշի մայրը ուրախ է, որ իր որդին հաճախում է դպրոց, որտեղ կա համապատասխան մանկավարժ, ով զբաղվում է իր որդու հետ: ՛՛Իմ որդին արդեն երկրորդ տարին է հաճախում է դպրոց և արդյունքը տեսանելի է: Նա արդեն գիտի 29 տառ, գրում է, հաշվում է մինչև 30-ը: Հուսով եմ, որ իմ տղան կյանքում կհասնի ինչ-որ բանի: Երախտապարտ եմ ուսուցչուհուն, որ ջանք չի խնայում: Արտաշը սիրում է նաև մաթեմատիկա առարկան, զբաղվում է նաև արվեստով՛՛,-նշում է մայրիկը:

Ներառական կրթական համակարգը Վրաստանի դպրոցներում սկսել է կիրառվել 2006թ.-ից, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 2014թ-ից: Ներկայումս Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա ներառական կրթական համակարգով սովորող 41 աշակերտ և 14 հատուկ մանկավարժ: Մունիցիպալիտետի 32 դպրոցից ընդամենը 15-ում է կիրառվում այս համակարգը:

Ներառական կրթական համակարգն ուղղված է հավասար կրթության ապահովմանը և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածության ապահովմանը: Ներառական կրթությունը ավելի մատչելի և հասանելի է դարձնում կրթությունը բոլորի համար:

Ներառական կրթական համակարգով սովորելու համար ծնողը դիմում է հատուկ հանձնաժողովին գնահատում անցնելու համար, որից հետո դրական պատասխանի դեպքում երեխան ընդգրկվում է ծրագրի մեջ: Ներկայումս օրենքով նախատեսվում է, որ այն մանկավարժը, ով զբաղվում է ներառական կրթությամբ, նա այլ առարկա չի կարող դասավանդել։ Այդպիսի մանկավարժները երեխայի հետ աշխատելու են 36 ժամ, ստանում են հատուկ աշխատավարձ և որևէ ձևով նրանց իրավունքները չեն տարբերվում մյուս մանկավարժների իրավունքներից:

Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում ներառական կրթական համակարգով սովորում է 3 աշակերտ: Ծրագիրը դպրոցում ներդրվել է 4 տարի առաջ։ Սկզբում 1 աշակերտ էր սովորում, ում հետ դասընթացները իրականացվում են տանը, քանի որ նա ի վիճակի չէ դասարանում գտնվել երկար ժամանակով և դպրոց է գալիս ամիսը մեկ անգամ: 2019-2020 ուսումնական տարում ավելացան երկու աշակերտ ևս: Նրանց դասընթացները անցկացվում են ռեսուրսային դասարանում: Հատուկ մանկավարժն էլ Անահիտ Սահակյանն է, ով լավ է տիրապետում իր մանագիտությանը:

Թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանի խոսքով, ռեսուրսային դասասենյակը ապահովված չէ բոլոր անհրաժեշտ պարագաներով, սակայն պարապմունքներ իրականացվում են։ “Հատուկ մանկավարժը այնքան լավ է անցկացնում դասը, որ երբեմն չենք էլ նկատում, թե ինչպես է այն անցնում։ Ընդհանուր դասարանի աշակերտների հետ դաս անելուց հետո այն շարունակվում է առանձին ռեսուրսային դասասենյակում”,-նշում է տնօրեն Ղարսլյանը։ Ուսումնական նոր պահանջմունքների համաձայն՝ ներառական կրթական ծրագրով սովորող երեխաները ամբողջապես պետք է ընդգրկված լինեն ընդհանուր ուսումնական գործընթացում։ Տնօրենի խոսքով, մեր մունիցիպալիտետի բնակիչները ներառականությանը այլ կերպ են վերաբերում։ Այնինչ ներառական կրթությունը մեծ խթան է սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին օգնել վարել բնականոն կյանք։

Լուսանկարում Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանն է

Ներառական կրթական համակարգով սովորող երեխաները ունեն իրենց անհատական ուսումնական ծրագիրը, նրանք ևս գնահատվում են 10 բալանոց համակարգով։

Անահիտ Սահակյանը արդեն երեք տարի է աշխատում է որպես հատուկ մանկավարժ։ Նախկինում նա այցելում էր աշակերտի տուն, քանի որ նա ունի տեղաշարժման խնդիր։ Այնուհետև նրան միացան ևս երկու երեխա առաջին և երկրորդ դասարանում, ում հետ դասընթացները իրականացվում են ռեսուրսային սենյակում։ Երեխաների հետ կիրառվում է հատուկ մեթոդ, որպեսզի երեխաներին հասանելի լինի մատուցվող նյութը։ “Ունենք մաթեմատիկայի գիրք, որը վրաց լեզվով է, իսկ երեխաները լեզվի հետ կապված ժվարություններ ունեն։ Այստեղ հայերեն դասագրքի կարիք է զգացվում”,-նշում է Անահիտը։ Նրա խոսքով, քանի որ ներառականությունը դեռ նոր է, դեռևս թրեյնինգներ հաճախ չեն անցկացվում։ Նա երեք տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է մասնակցել թրեյնինգի, այն էլ՝ վճարովի։ Չնայած թրեյնինգները ավելի շատ վերաբերում են ուսումնական ծրագրի կազմմանը, քան՝ դասավանդման մեթոդներին։ Անահիտի խոսքով, շատ կարևոր է դիտակտիկ նյութերի առկայությունը, քանի որ այլ կերպ նյութը երեխաներին այնքան էլ հասու չի դառնում։