Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիայի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարեւորում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումն ու խորացումը եւ քայլեր կձեռնարկենք, որպեսզի այդ կապերը կոնկրետ արդյունքներ տան», – ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը կարեւորել է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների համար փոխգործակցության նպաստավոր միջավայրի ձեւավորումը եւ տեղեկատվության փոխանակումը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Վրաստանի գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար ու տեղեկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ունեցած հանդիպումների արդյունքների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ կապերի սերտացման եւ համագործակցության հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջեւ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման եւ արտահանման ծավալներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում եւ Վրաստանում գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունների, ինչպես նաեւ պետության աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Վրաստանի իր գործընկերոջը:
news.am