Դեկտեմբերի 23- ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի տնօրեն՝ Գայ Ղարսլյանը, գեղմասվար՝ Սարիբեկ Ղարսլյանը, ռեժիսոր՝ Արկադի Սիմոնյանը, պարուսույց՝ Լուսինե Մզիկյանը այցելեցին մունիցիպալիտետի Ջիգրաշեն և Մեծ Գոնդուրա գյուղեր։ Պատճառը մեկն էր՝ պարգևատրել և խրախուսել այդ երկու գյուղական ակումբների թատերական խմբակներին, որոնք Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված թատրոնի ստուգատեսի արդյունքում ճանաչվել էին լավագույն խմբակներ։
Երեխաների պարգևատրման վայրը դպրոցներում էր, քանի որ մասնակիցները դպրոցականներ են և այդ կերպ նաև պետք է գրավել ուսուցիչների, ինչպես նաև մնացած աշակերտների ուշադրությունն ու հետաքրքրությունը դեպի թատերական աշխարհ։ Թատերկան խմբակների մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով ու հուշանվերներով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնը գյուղական ակումբների մասնակցությամբ կազմակերպել էր թատրոնի ստուգատես, որին մասնակցեցին մի քանի գյուղական ակումբներ։
«Կիկոսի մահը» հեքիաթը բեմադրել էր Մեծ Գոնդուրայի Մշակույթի տունը՝ Թելման Շիրինյանի գլխավորությամբ։
Ջիգրաշեն գյուղի Մշակույթի տունը բեմադրեց «Քաջ Նազար» հեքիաթը՝ Լուսինե Մզիկյանի գլխավորությամբ։
Ստուգատեսի անցկացումից հետո ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեց Մեծ Գոնդուրայի գյուղական ակումբը «Կիկոսի մահը» ներկայացմամբ, իսկ Ջիգրաշենի գյուղական ակումբը «Քաջ Նազար» բեմականացումով՝ ժյուրիի որոշմամբ նույնպես հաղթող է, որպես երաժշտական ներկայացում։
Այդ երկու գյուղական ակումբների խմբակները ստուգատեսից հետո հաղթողի կարգավիճակով, իրենց փոքրիկ ներկայացումները 2019թ. Նոյեմբերի 30-ին ներկայացրեցին հանդիսատեսի դատին՝ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում։ Ներկայացումների վրա վերջնական աշխատել էր Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի, Ժողովրդական թատրոնի ռեժիսոր՝ Արկադի Սիմոնյանը, որպեսզի գյուղական ակումբների սաները հանդես գային կատարյալ խաղով։
Հեքիաթների բեմադրությունը նվիրված էր մեծանուն հայ գրող, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին։
Թատերական խմբի պարգևատրմանը զուգահեռ պարուսույց Լուսինե Մզիկյանը պարգևատրեց նաև Ջիգրաշենի «Նաիրի», Մեծ Գոնդուրայի «Կիլիկիա» համույթների սաներին, պարի ոլորտում ունեցած հաջողությունների համար։ Նշենք, որ «Կիլիկիա» համույթում են պարում Մամզարայի և Դիլիֆ գյուղերից մի քանի երեխաներ, որոնք նույնպես պարգևատրվեցին առաջին կարգի դիպլոմներով։