Վրաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը, հոկտեմբերի 26-ից արգելված է թեկնածուների օգտին քարոզչությունը։ Ընտրությունները կկայանան վաղը՝ հոկտեմբերի 27-ին։
Քվեաթերթիկներում 23 թեկնածուի անուն կա, սակայն ընտրողները 22 թեկնածուների միջեւ են ընտրություն կատարելու։
Թեկնածուներից մեկը՝ խորհրդարանի նախկին խոսնակ Ակակի Ասաթիանին, հանել է թեկնածությունը՝ «Դեմոկրատական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության թեկնածու Նինո Բուրջանաձեի օգտին, սակայն նրա ազգանունը մնացել է տպագիր քվեաթերթիկներում։
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բնակչությանը կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին, հայտնում է «Ինտերպրես Նյուզ»-ը։
«Հոկտեմբերի 27-ին մենք ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ կանցկացնենք, եւ ես վստահ եմ, որ դրանց արդյունքները ոչ ոքի մոտ կասկածներ չեն հարուցի»,- ասված է Վրաստանի վարչապետի հայտարարությունում:
Սոցհարցումները «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակն են կանխագուշակում։
Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ ոք 50+1 տոկոս ձայն չհավաքի, առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ երկրորդ փուլ կանցկացվի։ Ընտրողների մասնակցության համար շեմ նշված չէ:
news.am