Մենք ռուսաստանյան գործակալներին վտարել ենք մեր անվտանգության կառույցներից, իր հեռուստաուղերձում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ հորդորել նրանց վերադառնալու հնարավորություն չընձեռել։ Սահակաշվիլին հոկտեմբերի 28-ին իր նստավայրից հանդես է եկել քաղաքացիներին ուղղված հրաժեշտի հեռուստաուղերձով, երբ հայտնի է դարձել հոկտեմբերի 27-ի ընտրություններում հաղթողի անունը։
Նրա խոսքով՝ կառավարությունը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ հիանալի հարաբերությունների հիմք է ստեղծել, բայց «մենք մեծ խնդիրներ ունենք հյուսիսային հարեւանի հետ»։
«Մենք պետք է խոսենք նրա հետ։ Մեզ խաղաղություն է հարկավոր, եւ պատերազմի բացակայությունը դեռ խաղաղություն չէ։ Խաղաղությունը չի կարելի փոխարինել նվաճողի առջեւ խոնարհությամբ, այն չի կարելի ձեռք բերել անկախության գնով։ Խնդրում եմ, ոչ ոքի մեր ինքնիշխանությունը զոհաբերելու հնարավորություն մի տվեք, ռուսաստանյան գործակալներին վերադարձի հնարավորություն մի տվեք, երբեք մի հրաժարվեք ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից», – ասել է նախագահը՝ հավելելով, որ դա սոսկ քաոսի եւ անկախության կորստի կհանգեցնի, փոխանցում է «Ինտերպրեսնյուզը»։
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Վրաստանը քայքայված էր, երբ ինքն իշխանության եկավ։ Աջարիան ղեկավարում էր «տեղացի բռնակալը», հայաբնակ թաղամասը եւ Պանկիսի կիրճը գրեթե չէին վերահսկվում կենտրոնական իշխանությունների կողմից…
Այն ժամանակվա կառավարությունն ամեն ինչ արեց երկրի միավորման համար։
«Մենք գրավեցինք այն մարդկանց սրտերը, որոնք իրենց մեկուսացած էին զգում՝ դրանով իսկ միավորելով երկիրը։ Ռուսական օկուպացումը թույլ չտվեց նույնն անել նաեւ մեր աբխազ եւ օս եղբայրների պարագայում։ Բայց ռուսական օկուպացիան, հաշվի առնելով մի շարք գործոններ, կավարտվի առաջիկայում, եւ մենք կրկին կմիավորվենք, բայց միայն այն դեպքում, եթե կարողանանք գրավիչ մոդել ստեղծել՝ բաց, տանելի եւ արագ զարգացող երկիր», – ընդգծել է Միխայիլ Սահակաշվիլին։
Ըստ նախագահի՝ մարդիկ, որոնք ասում են, թե «պետք է ճնշել մահմեդականներին, ձեր ադրբեջանցի կամ հայ եղբայրներին, միասնականության եւ Վրաստանի միավորման թշնամի են, նրանք Ռուսաստանի խաղն են խաղում։
news.am