Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 28-ի երեկոյան իր նստավայրից հրաժեշտի տեսաուղերձ է հղել` չսպասելով նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը:
Ըստ «Մաեստրո» հեռուստաալիքի` նախագահը ուղերձից հետո մեկնել է օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Ըստ «Գռուզիա Online»-ի` քաղաքապետը Ստրասբուրգ է մեկնել` պաշտոնական այցով: Վրաստանի նախագահը ոչ պաշտոնական այցով Եվրոպա է մեկնել: Նա կվերադառնա երկու օրից:
«Մենք արդեն գիտենք ընտրությունների արդյունքները եւ, համապատասխանաբար, սա իմ վերջին ուղերձն է Վրաստանի նախագահական պալատից», – հեռուստաուղերձում նշել է հեռացող նախագահը:
«Եկեք որոշ ժամանակով կտրվենք մեր քաղաքական իրականությունից, մոռանանք մեր վեճերը, հակամարտությունները եւ միասին մտածենք` ինչ է փոխվել 10 տարվա ընթացքում եւ ինչ է նշանակել դա մեզ համար (…):
Երբ ես հասուն դարձա, սկսեցի փնտրել «լինել վրացի» բնորոշումը (…) :
Իմ փնտրտուքներն սկսվեցին, երբ Վրաստանը անհաջողությունների եւ խավարի կենտրոնում էր, երբ ժողովուրդը պատրաստ էր իր հարեւանին սպանել ազգային ծագման համար, պատրաստ էր թալանել սեփական բարեկամին միայն նրա համար, որ վերջինս լավ աշխատանք էր գտել, ֆիզիկական հաշվեհարդար տեսնել մարդու հետ տարբերվող կարծիքի, լավ հագուստի, սանրվածքի կամ հայացքի համար… Դա Վրաստանի համար ահավոր ժամանակաշրջան էր:
Այդ պատճառով էլ ես վճռեցի չշարունակել Նյու Յորքում իրավաբանի կարիերան եւ Վրաստան վերադառնալ: Ես երբեք չեմ գերագնահատել իմ հնարավորությունները, սակայն չեմ էլ հավատացել, որ խավարն է մեր ճակատագիրը: Ես միշտ էլ կարծել եմ, որ բոլորս կարող ենք Վրաստանը դեպի լավը փոխել:
Ես մտածում էի, որ այն ինչ հնարավոր է արեւմուտքում`ժողովրդի ընտրած կառավարություն, բաց տնտեսություն, օրենքի գերակայություն, տարբեր ազգային, կրոնական եւ քաղաքական խմբերի համատեղ բնակություն, այդ ամենը հնարավոր է նաեւ Վրաստանում:
Երբ հիմնեցինք Ազգային շարժումը, դրա նպատակն էր «ազգային» բառին նոր նշանակություն տալ: (…)
Ես երբեք չեմ մոռանա Վարդերի հեղափոխությանը հաջորդած օրերը: Ես շատ լավ եմ հիշում, թե մենք ինչ տեսանք այստեղ` ոչինչ:
Ես հիշում եմ, որ իմ նախորդի աշխատասենյակում կար ջրի պաշարով տակառ, գեներատոր եւ կատու, քանի որ շատ առնետներ եւ մկներ կային (…): Եվ 10 տարի անց նոր նախարարները եւ նոր նախագահը մտնում են միանգամայն այլ շենքեր եւ աշխատասենյակներ, կառավարում միանգամայն այլ պետություն եւ պատասխանատվություն ստանձնում այլ կառույցների համար: Դա չեն կարող հերքել Ազգային շարժման եւ իմ անգամ ամենաանողոք քննադատները:
Այն ամենը ինչ մենք ենք արել, դուք եք արել: Մեր ձեռքբերումը ձեր ձեռքբերումն է:
Նախագահ լինել նշանակում է անել ինչ-որ բան:
Դուք Վրաստանի բազմազգ ժողովուրդն եք, իշխանության եւ օրինականության աղբյուրը, դուք սկզբնաղբյուրն եք եւ վերջնակետը: Դուք Վրաստանի երեխաներն եք, եղել եք, կաք ու կլինեք գլխավոր ուժը: Դուք չեք կարող գործիք լինել առանձին կառավարչի համար երկրի ներսում եւ երկրից դուրս կամ դառնալ խաղալիք ինչ-որ միլիարդատերի ձեռքում: Երբեք դա մի մոռացեք:
Այժմ ուզում եմ բոլորիդ խնդրել մտածել եւ բարձր կանգնել սոցիալական խնդիրներից ու քաղաքական նորաձեւությունից: Ես ցանկանում եմ, որ հարցնեք ինքներդ ձեզ` մենք ավելի լա՞վն ենք, քան 10 տարի առաջ, կարողացե՞լ ենք դեպի լավը փոխել մեր երկիրը (…): Ես շատ եմ խոսել այս ընթացքոմ ձեռքբերված առաջխաղացումների մասին եւ այսօր չեմ թվարկի դրանք:
Ես ցանկանոմ եմ, որ դուք ձեր սրտերում անկեղծ պատասխանեք այս պարզ հարցերին…», – ասել է Միխայիլ Սահակաշվիլին:
news.am