Վրացական ընդդիմությունը քննադատում է իշխանության՝ դեպի ՌԴ սահման ճանապարհ կառուցելու ծրագրերը

Վրացական ընդդիմությունը քննադատում է իշխանության՝ դեպի ՌԴ սահման ճանապարհ կառուցելու ծրագրերը

Լուսանկարը վերցված է «NOR » ռադիոի արխիվից.

Վրացական ընդդիմությունը բողոքել է Վերին Լարսի ուղղությամբ Քվեշեթիի գյուղից մինչև Կոբի՝ ռուսական սահման 550 մլն դոլար արժողությամբ ճանապարհաշինությունը:

«Մեր աղքատ երկրի համար ընդհանրապես ադեկվատ չէ ծախսել հսկայական ռեսուրսներ, որպեսզի Վրաստանի  տարանցմամբ մեքենաներ  երթևեկեն Հայաստան ու Ռուսաստան»,- հայտարարել է «Միասնական ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն:

Ըստ նրա` ավելի լավ կլիներ, եթե այդ միջոցները ուղղվեին այժմ սառեցված Անակլիա նավահանգստի շինարարությանը:

«Ռազմական տեսանկյունից, այս ճանապարհի նախագծումը շատ ռիսկային է: Փաստացի, մենք պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ: Այնպես որ, պետք է հասկանանք, որ Ռուսաստանին այդ ճանապարհը կարող է պետք գալ ռազմական հարձակման համար»,- ասել է Գոցիրիձեն:

Ընդդիմադիր մեկ այլ՝ «Լելո» կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեի հայտարարությամբ՝ «այդ ճանապարհի շինարարությունը  բխում է Ռուսաստանի շահերից»:

«Մենք Ռուսաստանին հնարավորություն ենք տալիս հարմարավետ տանկեր մտցնել Վրաստան»,- ասել է նա:

Տվյալ ճանապարհը պետք է շահագործման հանձնվի 2023-ին։ Այն  պետք է կառուցեն China Railway 23rd Bureau Group Co ընկերության  չինացի շինարարները: Նախատեսվում է կառուցել երկգիծ ասֆալտբետոնե ճանապարհ ՝ 22,7 կիլոմետր երկարությամբ, վեց կամուրջներով և հինգ թունելներով: Այդ թվում ՝ 9 կմ երկարությամբ  և 15 մետր լայնությամբ մեկ թունել՝ ամենաերկարը Վրաստանում:

Ճանապարհը ֆինանսավորվելու է Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, որոնք Վրաստանին  համապատասխանաբար 415 միլիոն և 60 միլիոն դոլարի վարկ են հատկացրել: Վրաստանի կառավարությունն, իր հերթին, նախագծի շինարարությանը կհատկացնի  83․6 միլիոն դոլար: