Մարգվելաշվիլի. Մենք Ռուսաստանի հետ լարվածության մեղմացման համար առաջին քայլը կատարել ենք

Մարգվելաշվիլի. Մենք Ռուսաստանի հետ լարվածության մեղմացման համար առաջին քայլը կատարել ենք

Վրաստանը Ռուսաստանի հետ լարվածության մեղմացմանն ուղղված առաջին քայլը կատարել է: Այս մասին «Առաջին ալիքի» հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Մենք ասել ենք, որ չնայած խնդիրներին, Ռուսաստանը Վրաստանի համար, այսպես ասած, ագրեսիայի օբյեկտ չէ: Մենք հայտարարել ենք, որ կփորձենք երկխոսությունը ագրեսիվ դաշտից տեղափոխել ռացիոնալ շրջանակներ: Եվ մենք համապատասխան քայլեր արեցինք. մենք պարոն Զուրաբ Աբաշիձեի առաքելությունը Պրահա ուղարկեցինք, որտեղ աշխատանք է ընթանում տնտեսական եւ մշակութային կապերի ուղղությամբ: Մենք հայտարարել ենք, որ կմասնակցենք օլիմպիադային: Եվ մենք վերացրինք լարված մթնոլորտը», – ասել է նա, հավելելով, որ Սոչիի օլիմպիադային իր անձնական ներկայության հարցը քննարկվում է թիմի ներսում:

«Մենք սկսում ենք այն կետից, երբ, ցավոք, արդեն բավական ողբերգական երեւույթներ են տեղի ունեցել: Այժմ մենք կփորձենք ցավ չպատճառել միմյանց, կփորձենք խոսել այսօր լուծվող խնդիրների եւ հեռանկարների մասին: Իսկ հեռանկարները պետք է վերադառնան բարիդրացիական հարաբերությունների ելակետին», – ասել է Վրաստանի նոր ղեկավարը, նշելով, որ, այո, Սահակաշվիլին վարկաբեկվել է այդ պատերազմով, սակայն «ո՞ր ռուսաստանցուն է 10-20 տարի անց հետաքրքիր ինչ-որ ինտրիգ»:

«Ռուսաստանցին ցանկանում է գալ Վրաստան, ցանկանում է, որպեսզի վրացիները գան, որպեսզի մշակութային կապեր լինեն… Իսկ այն, որ Սահակաշվիլին խնդիրներ է ստեղծել, դա անցած պատմություն է: Ռուսաստանի համար նույնպես»,- ընդգծել է Մարգվելաշվիլին:

Խոսելով Վրաստանի Եվրոպա ձգտման եւ այն մասին, թե նման իրավիճակում ինչպես հաշվի կառնվեն Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական շահերը, Մարգվելաշվիլին նշել է. «Վրաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի հետ ասոցացումը մեր պատկերացմամբ հենց Ռուսաստանի շահերից է բխում: Հարավային հատվածում կայուն երկիրը իրական հնարավորություն է ստեղծում ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման եւ կայուն զարգացման համար եւս, որն, ի դեպ, նույնպես շատ ակտիվ համագործակցում է Եվրոպայի հետ, ակտիվ զարգացնում է իր մշակույթը, տնտեսությունը, քաղաքական հարաբերությունները Եվրամիության հետ: Մենք այդ առումով միայն պլյուս ենք տեսնում Ռուսաստանի համար: Այնպես որ, ըստ իս, այստեղ հաշվի են առնված Ռուսաստանի շահերը», – ասել է նա:
news.am



Opinion, pooling and voting