Թբիլիսիում գործող ադրբեջանական «Գաբալա» ռեստորանում նախօրեին ծեծկռտուք է եղել: Ռեստորանի հաճախորդ, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ատաշե Վուգար Մամեդովին դուր չի եկել, որ երգիչները կատարել են հայ հեղինակի ռուսերեն երգը:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում երգիչ Աֆիք Նովրուզովն ասում է՝ տվյալ ռեստորանում սովորաբար տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են հյուրընկալվում, այս անգամ էլ հյուրերից մեկը պատվիրել է հայ Արսեն Շախունցի հեղինակած «Девочка стоп!» հայտնի երգը:
Դիվանագետը նախ վիրավորանքներ է հասցրել երգիչներին, ինչից հետո ծեծի է ենթարկել նրանց: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը չի կարողացել բերման ենթարկել ադրբեջանցի հաճախորդին, քանի որ վերջինս դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:
Ռեստորանի ազգությամբ ադրբեջանցի երգիչներն ասում են՝ դեսպանի հետ մոտ հարաբերություններ ունեն, այսօր էլ հանդիպել են նրան՝ բարձրաձայնելու դիվանագետի ոչ պատշաճ պահվածքը: Երգիչների խոսքով, դեսպանը ևս համակարծիք է նրանց հետ: Նրանց հիմնական պահանջն է աշխատանքից ազատել ու վտարել երկրից դիվանագետին:aliq.ge