Փարվանա լճում ձմեռային ձկնորսության գրավիչ և դժվարին կողմերը /տեսանյութ/

Փարվանա լճում ձմեռային ձկնորսության գրավիչ և դժվարին կողմերը /տեսանյութ/

Վրաստանի ամենամեծ լիճը համարվող Փարվանա լճի ձկնատեսակները գնալով պակասել են:

Փարվանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 2073 մետր բարձրության վրա և ունի բավականին մեծ մակերես՝ 37,5 քառակուսի մետր: Լճի ամենախորը մասը հասնում է 3 մետր 30 սանտիմետրի, իսկ միջին խորությունը կազմում է 2 մետր 20 սանտիմետր:

Ձմռանը լիճն ամբողջությամբ սառչում է, իսկ սառույցի հաստությունը հասնում է 73 սանտիմետրի:


Փոկա, Փարվանա, Վլադիմիրովկա, Տամբովկա և Ասպարա գյուղի բնակիչները զբաղվում են կենդանաբուծությամբ, իսկ մի մասն էլ՝ ձկնորսությամբ:

Ձկան որսի սեզոնը, ինչպես բնակիչներն իրենք են ասում, մեկնարկում է, երբ սկսվում է «ձկան խաղը»:

Փարվանա գյուղի բնակիչ Գրիշան ձկնորսության սիրահար է: Նա նշում է, որ ձկնորսությունը սեզոնային, բայց դժվարին աշխատանք է: «Եկել ես ձուկ որսալու, բայց ձուկ չկա, իզուր ժամանակ ես կորցնում: Այն վտանգավոր գործ է, քանի որ սառույցը կարող է կոտրվել: Ինքդ քեզ հույս ես տալիս, որ ամեն ինչ լավ կավարտվի: Ձկնորսությամբ չես կարող մշտապես ապրուստ գտնել: Դրա համար հիմնականում զբաղվում ենք գյուղատնտեսությամբ»,- նշում է Գրիշան:

Ձկնորսը նշում է, որ ձուկը պետք է որսալ այն ժամանակ, երբ սառույցի հաստությունը հասնում է 10-12 սանտիմետրի: Ձկնորսության պետք է գնալ արահետներով՝ մշտապես ստուգելով սառույցի հաստությունը: Պետք է հաշվի առնել, որ թափանցիկ սառույցն ավելի ամուր է, քան՝ սպիտակը:

Ձմռանը Տամբովկա, Ասպարա և Վլադիմիրովկա գյուղերի բնակիչները երբեմն երթևեկում են Փարվանա լճի սառցակալած մակերեսով՝ դրանով կարճացնելով ճանապարհը:

Սակայն հազվադեպ չեն այն դեպքերը, երբ երթևեկությունը սառցակալած լճի մակերեսով ավարտվել է ողբերգությամբ: Բնակիչների խոսքով, 4-5 տարի առաջ նման ողբերգության զոհ են դարձել միանգամից 3 հոգի:

Այսօր արդեն հիմնականում բնակիչները չեն երթևեկում լճի մակերեսով՝ ելնելով անվտանգությունից: Սակայն կան մարդիկ, ովքեր այսօր էլ, ռիսկի ենթարկելով իրենց կյանքը, գերադասում են երթևեկել ավելի կարճ ճանապարհով:


Տեսանյութը վերցված է NOR ռադիոկայանի արխիվից