2020 թվականին Թբիլիսիի քաղաքապետարանը կսկսի վերահսկել խոշոր առևտրային օբյեկտները պոլիէթիլենային տոպրակների կիրառման տեսանկյունից: Այդ մասին գրել է տեղական «Ռեսոնանսի» թերթը` վկայակոչելով Թբիլիսիի քաղաքապետարանին:
Վրաստանի խանութներում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելվել է 2019թ. ապրիլի 1-ից: Սահմանափակումները մտցվել են փուլ առ փուլ:
Նշենք, որ 2018թ. հոկտեմբերի 1-ից Վրաստանում արգելվեց բոլոր տեսակի պոլիէթիլենային բարակ տոպրակների ներմուծումը, սակայն, չնայած արգելքին, հանդիպում են խանութներ, որտեղ դեռևս դրանք օգտագործվում են:
Անցած տարվա դեկտեմբերին բոլոր օբյեկտները զգուշացվել էին, որ 2020-ից սկսվելու են ստուգումները: Այդ նպատակով Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային տեսչությունը կգնի հատուկ հաշվիչներ: Սարքերի գնման համար կհայտարարվի մրցույթ, և դրանք գնելուց հետո կսկսվի խոշոր առևտրային օբյեկտների ստուգում:
Պլաստիկ տոպրակների օգտագործումը գլոբալ խնդիր է: Նման փաթեթների տարրալուծումը առնվազն 400 տարի է պահանջում: