Հայաստանի պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նորընտիր նախագահին եւ վարչապետին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նոյեմբերի 17-ին ներկա են գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։
Հանդիսավոր արարողության ավարտից հետո, Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը։
Գեորգի Մարգվելաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել եւ ամրապնդել:
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդանական փոխգործակցությանը, ինչպես նաեւ վիրահայությանը առնչվող հարցեր:
Գեորգի Մարգվելաշվիլին խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Մովսիսյանը հանդիպել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հանդիպումներին ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը։
Նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Մայա Փանջիկիձեի առանձնազրույցը, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։
news.am