Ծնունդով Հեշտիա գյուղից Լավրենտ Առաքելյանը YouTube ալիքում հրապարակել է տեսահոլովակ։
Նոր տեսահոլովակը նկարահանված է Ռուսաստանի դաշնության Անապա քաղաքում, որի համար երգիչը ծախսել է մոտ 10 000 լարի գումար (3400$), նա պլանավորում է այս տարվա ընթացքում նկարահանել երեք տեսահոլովակ եւս:
Տեսահոլովակում գլխավոր հերոսուհին Ժասմին Առաքելյանն է, իսկ մյուս աղջիկները Show ballet fiesta պարային խմբի աղջիկներն են: Նկարահանումը տեղի է ունեցել 20 օրվա ընթացքում։ Տեսահոլովակը ամբողջովին պատրաստելու համար, մոնտաժի աշխատանքների հետ միասին տևել է մոտ 2 ամիս:
Տեսահոլովակը YouTube ալիքում Լավրենտ Առաքելյանի կողմից հրապարակվել է 2020 թվականի հունվարի 18 -ին եւ 22.01.2020թ. դրությամբ ունի 2818 դիտում.
Լավրենտ Առաքելյանը ծնվել է 1984 թվականին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել 10 տարեկան հասակից նվագելով ստեղնաշարային գործիքներ:
Առաքելյանը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Նինոծմինդայի երաժշտական դպրոցում որտեղ սովորել է 7 տարի, դրանից հետո ուսումը շարունակել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտական բաժնում, որպես երաժշտության ուսուցիչ եւ երգչախմբի ղեկավար: 2006 – 2010 թվականներին Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում աշխատել է որպես երգեցողության ուսուցիչ:
Լավրենտ Առաքելյանը արդեն 8 տարի է, իր ընտանիքի հետ միասին ապրում է Ռուսաստանի դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում: