Բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը, ով Վրաստանի հավաքականի լավագույն մարզիկներից մեկն էր, հեռացել է սիրողական բռնցքամարտից, նա տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ նահանգներ: Մարզիկը ցանկանում է այնտեղ բարձրունքների հասնել պրոֆեսիոնալ բռնցքամարտում և համապատասխան վարձատրվել:
Ինչպես Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարների, այնպես էլ մարզիչների համար անսպասելի է եղել նրա հեռանալը։
«Ֆեդերացիայից և նախարարությունից ուզեցին իմանալ, թե մենք տեղյակ էինք, սակայն մենք էլ չգիտեինք: Ինքը մեծ մարդ է, իրավունք ունի իր քայլերն ինքը կատարի, սակայն պետք է տեղյակ պահեր, խորհրդակցեր մարզիչների հետ»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն, Օթարի մարզիչ Ատոմ Էլիզբարյանը։
Օթարը չի էլ թաքցնում, որ իր գնալու մասին ոչ ոքի տեղյակ չի պահել և դրա համար իր պատճառներն է ունեցել։
«Հարմար պահի էի սպասում, երբ իմացա, որ իմ քաշային կարգս՝ 60 կգ, հանել են օլիմպիադայի հավաստագրից, որոշեցի գնալ։ Երեք տարի առաջ էլ էի ուզում գալ Ամերիկա, ինձ հրավիրում էին, ես բոլորին տեղյակ պահեցի, նրանք ինձ ասացին մի գնա և հույսեր տվեցին, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց, երբ ես նրանց լսեցի և մնացի, ամեն ինչ նույնը մնաց, ես այդպես էլ մասնագիտական առաջընթաց չունեցա: Քանի որ ես ուզում եմ ավելի մեծ բարձրունքների հասնել, այդ պատճառով էլ այս անգամ նրանց ոչինչ չասացի, որպեսզի նորից իզուր հույսեր չտան», – Jnews-ի հետ զրույցում ասաց Օթար Երանոսյանը, ով այս պահին գտնվում է Ամերիկայում։
Ըստ մարզիչ Էլիզբարյանի Օթարը պետք է մասնակցեր այս ամռանը կայանալիք օլիպմիական խաղերին։
«Ճիշտն ասած, մենք բանավոր պայմանավորվածություն ունեինք, որ օլիմպիական խաղերին պետք է մասնակցեր, ինքը մեծ շանսեր ուներ Վրաստանի հավաքականի կողմից ներկայացված առաջին մարզիկներից մեկն էր, ում հետ հույսեր էինք կապում։ Բռնցքամարտում նախկինում 10 քաշային կարգ էր, հիմա դարձել է 8, ինքը պետք է մասնակցեր 63 կգ քաշային կարգում, նա հանդիսանում էր Վրաստանի հավաքականի լավագույն բռնցքամարտիկ։ Ինքը 100% պետք է գնար նաև պետք է մասնակցեր հավաստագիր ձեռք բերելու մրցումներին»,- ընդգծեց Ատոմ Էլիզբարյանը։
Սակայն, ըստ Օթարի, հաստատ որոշվածություն չի եղել առ այն, որ ինքը կմասնակցի օլիմպիական խաղերին։
«Օգոստոսին կայանալիք օլիպմիական խաղերին իմ քաշային կարգը փոխել են և դարձրել 63 կգ։ Այդ քաշային կարգում իմ շանսերը շատ քիչ էր։ Ասում էին, որ Վրաստանի հավաքականի ամենալավ և ամենատիտղոսավոր մարզիկը Երանոսյանն է ու մեծ հույսեր ունեի, որ ես կմասնակցեմ, սակայն նրանք ոչ մի երաշխիք չունեին, ըստ որի ես 100 կամ 90%-ով մասնակցելու էի, ուղղակի մտածում էին, իսկ հետագայում հավաստագիրը իմ մոտ ստանալը կստացվեր, թե չէ Աստված գիտեր»,– նշեց բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը։
Բռնցքամարտի ֆեդերացիայից նույնպես ասում են, որ Օթարի օլիմպիական խաղերին մասնակցելը իհարկե 100%-ով հաստատված չէր։
«Նա պետք է մրցումների մասնակցեր, որի առաջի փուլը մարտ ամսից էր և եթե ստանար հավաստագիր, ապա կմասնակցեր, սակայն չսպասեց, չհամբերեց և գնաց»,– ասաց Վրաստանի բռնցքամարտի հավաքական խմբերի ղեկավար Բակուրի Գոգոճուրին։
Օթարի Ամերիկա գնալու հիմնական պատճառներից մեկը հանդիսացել է նաև ֆինանսական վիճակը: Վրաստանում ստացած նրա աշխատավարձը հազիվ բավականացրել է ամսական ծախսերը հոգալու համար։
«Ես մեծ ընտանիք ունեմ, ես այնքան չէի ստանում, որ կարողանայի կամ բիզնես սկսել, կամ գոնե մեքենա գնել: Ամսական ստացել եմ 1500 լարի, որից 1200 ստանում էի ֆեդերացիայից, իսկ 300 լարի Ախալքալաքի մարզահամալիրից: Ես կարող եմ դա հաստատել կտրոններով։ Հենց Ամերիկա տեղափոխմանս օրվանից երկու տեղից էլ աշխատավարձս կտրել են, հաշվի չառնելով, իմ հարգանքը, պատիվը և մարզական արդյունքներս։ Սակայն ես իրավունք ունեի մինչև 6 ամիս աշխատավարձ ստանալ», – հավելեց Օթարը:
Վերջինիս ստացած աշխատավարձի վերաբերյալ խոսեցին նաև Ատոմ Էլիզբարյանը և բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Բակուրի Գոգոճուրին։
«Վրաստանի բոլոր մարզիկների համեմատ ինքը ստանում էր ամենաբարձր աշխատավարձը։ Ֆեդերացիայի նախագահի որոշմամբ նրա աշխատավարձը դադարեցվել է, մեզ նույնպես նրանք ասացին, որ պետք է դադարեցնենք, քանի որ երկրից բացակայում է։ Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչքան էր ստանում, սակայն գիտեմ, որ ֆեդերացիայից մոտավոր ստանում էր 1500 և Սպորտ համալիրից էլ 400 լարի։ Ինչպես նաև ինքը Սակրեբուլոյի պատգամավոր էր, սպորտի կողմից մենք ենք դրել նրա թեկնածությունը և այնտեղից էլ էր ստանում աշխատավարձ։ Ամբողջ տարվա նրա հավաքները, մարզահագուստը ամողջովին հովանավորում էր բռնցքամարտի ֆեդերացիան և Սպորտի նախարարությունը։ 100 000 – 150 000 լարի է կազմել ողջ տարվա ընթացքում նրա մրցումները, մարզահագուստը և այն ամենը ինչ կապված է նրա հետ»,- նշեց Ատոմ Էլիզբարյանը։
Իսկ Գոգոճուրին հստակ տվյալներ չներկայացրեց, սակայն հաստատեց Ատոմ Էլիզբարյանի ասածը, որ Օթարը 1500 լարի է ստացել ֆեդերացիայից։
«Ինչ վերաբերում է աշխատավարձին ես հաստատ չգիտեմ, սակայն ֆեդերացիայից ստանում էր 1500 լարի և Սպորտ համալիրից նույնպես ստանում էր, սակայն էլի եմ ասում ընդհանուր ինչքան էր չգիտեմ»,- ասաց Բակուրի Գոգոճուրին։
Չնայած նրան, որ Օթարը կապը մշտապես պահպանում է Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի և մարզիչների հետ, սակայն ֆեդերացիա վերադառնալու նպատակներ չունի։
«Ես ֆեդերացիա չեմ վերադառնա, սակայն դա չի նշանակում, որ ես նեղացած եմ, կամ մենք նեղացած ենք, կամ ինչ որ բան ունենք իրար դեմ, ուղղակի չեմ վերադառնա սիրողական բոքս»,- ավելացրեց Օթար Երանոսյանը։
«Որպես շրջանի լավագույն մարզիկ, ինքն ունեցել է շատ տիտղոսներ, մեր շրջանից ոչ մի մարզիկ այդքան տիտղոս չի ունեցել, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպական օլիմպիական խաղերի մեդալակիր։ Նա կմնա միշտ սպորտի պատմության մեջ։ Նրա գնալն իհարկե իր ազդեցությունն է թողնում սպորտում: Տաս մարզիկից երկուսը կարող էր օլիմպիական ուղեգիր ստանալ, և մեկը ինքն էր»,- ավելացրեց Ատոմ Էլիզբարյանը։
Օթար Երանոսյանը նաև Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր էր։ Նա Սակրեբուլո էր մտել “Վրացական երազանք” կուսակցական ցուցակներով: Այստեղ Օթարի հեռանալը խնդիր չէ, պատգամավորական մանդատը կստանա ցուցակով նրա հաջորդը:
Օթարը հիմա Ամերիկայում դեռ միայն մարզվում է, որպեսզի առաջիկայում կարողանա մասնակցել պրոֆեսիոնալ մարտերի:
«Հիմա գտնվում եմ Մայամի քաղաքում և պատրաստվում եմ: Կարելի է ասել, ամեն ինչ դեպի լավն է ընթանում։ Պրոֆեսիոնալ մարտում քաշային կարգը արդեն գրամներով է, իմ քաշային կարգում ես կարող եմ հանդես գալ, իսկ մրցակցիս կընտրի մենեջերս։ Հիմա նրանք պատրաստում են իմ պայմանագիրը, որ ես ծանոթանամ պայմաններին, եթե մենք իրար հասկացանք, ապա ստորագրելուց հետո մենեջերս կընտրի մրցակցիս։ Իսկ ընտանիքիս տեղափոխությունը կախված է իմ փաստաթղթերից և ֆինանսական վիճակից, եթե ամեն ինչ նորմալ լինի, ապա ընտանիքիս էլ կբերեմ»,- ավելացրեց Օթարը։
jnevs.ge