Փետրվարի 1 -ին ժամը 18:00 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Անտոն Քահանա Անտոնյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ նվիրված Տյառնընդառաջի տոնին:
Պատարագին հաջորդեց մոմերի օրհնության արարողությունը, ինչպես նաեւ օրհնություն ստացան այս տարվա նորապսակ զույգերն ու ամբողջ ժողովուրդը:
Արարողակարգերից հետո սովորաբար եկեղեցուց վերցրած կրակով ՀՄԵԿ -ի դիմաց (կենտրոնը գտնվում է եկեղեցու հարեւանությամբ) վառվեց խարույկ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տյառնդընառջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Տյառնընդառաջը տոնում են Քրիստոսի աստվածահայտնությունից քառասուն օր հետո։
Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։
Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։