Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զորքերը չեն լքել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքը: Այս մասին Forbes-ի հետ զրույցում հայտնել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է: Մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բայց առայժմ դա անհնար է: Անհնար է, քանի դեռ Աբխազիան եւ Հարավային Օսիան օկուպացված են: Այդ տարածքներն առանձնացել են Ռուսաստանի օգնությամբ: Իսկ հիմա, ըստ իս, դա սպառնում է հենց Ռուսաստանի անվտանգությանը… Հուսով եմ՝ Կրեմլը կգիտակցի, որ ահավոր բան է կատարվել: Ոչ միայն Վրաստանի, այլեւ Ռուսաստանի համար: Եթե Ռուսաստանում դա չհասկանան, նախկին բարեկամական հարաբերությունները վերականգնելը խնդրահարույց կլինի», – հայտարարել է Իվանիշվիլին:
Ըստ նրա՝ Վրաստանն իսկական եվրոպական երկիր պետք է դառնա, որպեսզի աբխազներն ու օսերը ցանկանան ապրել նման երկրում:
«Մեզ համար Աբխազիան եւ Հարավային Օսիան տարածքներ չեն, այլ մարդիկ: Այնտեղ ապրում են մեր եղբայր օսերն ու աբխազները: Եվ ես ամեն անգամ ասում եմ՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան պետք է վերադարձնել: Եվ մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Մենք ոչ մի դեպքում պատերազմ նկատի չունենք: Նրանց (աբխազներին եւ օսերին) պետք է համոզել: Մենք պետք է Վրաստանն իսկական եվրոպական երկիր դարձնենք, որպեսզի նրանց հետաքրքիր լինի մեզ հետ ապրելը: Որպեսզի նրանք հասկանան, որ մեզ հետ ապրելն ավելի լավ է, քան առանց մեզ: Միայն այս ճանապարհով կարող ենք վերականգնել հարաբերությունները: Ոչ մի բռնություն», – նշել է Իվանիշվիլին:
Նա նաեւ հուսադրող է անվանել ՌԴ նախագահի հայտարարությունը. «ՌԴ նախագահը հրապարակավ հայտարարեց, որ Ռուսաստանը չի միջամտի եւ որ ժողովուրդներն իրենք պետք է իրար մեջ համաձայնության գան: Ինձ այդ հայտարարությունը հուսադրող թվաց»:
news.am