ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:
Արդյունքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ըստ նախնական համաձայնության, ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ մաքսային ստուգման չեն ենթարկել 2020թ. փետրվարի 6-ին վաղ առավոտյան Վրաստանից «Բավրա» մաքսակետ մուտք գործած բեռնատարը։ Ընդհակառակը՝ հանցավոր նպատակն իրագործելիս խոչընդոտները վերացնելու համար՝ մաքսավորներից մեկը դիմել է իր ծանոթին, որը 200 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց «Բավրա» մաքսակետում իր գործողություններով շեղել է այլ մաքսային տեսուչների եւ մաքսատան գոտում գտնվող մյուս ծառայությունների ուշադրությունը, ինչի արդյունքում խմբի անդամները պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ բեռնատարի վարորդին թույլատրել են առանց բեռի մաքսազերծման հեռանալ մաքսատան տարածքից՝ դրանով իսկ հեղինակազրկելով պետական կառույցը, խաթարելով դրա բնականոն գործունեությունը եւ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել եւ բերման են ենթարկվել վերջիններիս կողմից, ընդ որում՝ մաքսավորներից մեկը խոստովանել է հանցագործության կատարումը:
Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու եւ նրանց կողմից կատարված արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։news.am