Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմը հունվարի 1-ից վերակազմավորվել է եւ դարձել հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախարարություն: Այս մասին հայտարարել է այդ գերատեսչության ղեկավար Պաատա Զաքարեիշվիլին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Զաքարեիշվիլին պարզաբանել էր, որ իր գլխավորած գերատեսչությունը աշխատելու է երկու ուղղություններով: Առաջինը՝ նախկինի պես հակամարտությունների կարգավորման հարցերն են, երկրորդը վերաբերելու է այն քաղաքացիներին, որոնք «խնդիրներ ունեն Վրաստանում ինտեգրման հետ»: Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ հիմա՝ գերատեսչության անվանումը փոխելուց հետո, «Վրաստանից առանձնացած Աբխազիան եւ Հարավային Օսիան փաստարկներ չեն ունենա, քանի որ մինչ այդ նրանք ասում էին, որ «վերաինտեգրացում» անվանումը իրենց համար անընդունելի է»:
news.am