Ծալկայում բացվել է կաթի վերամշակման ձեռնարկություն

Ծալկայում բացվել է կաթի վերամշակման ձեռնարկություն

Քվեմո Քարթլիի շրջանում, Ծալկայի մունիցիպալիտետի Գումբաթ գյուղում բացվել է կաթի վերամշակման ձեռնարկություն:

Միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, ժամանակակից չափանիշներով հագեցած ձեռնարկությունը «Միացյալ ագրոնախագծի» շրջանակներում ստեղծվել է Վալերի Կախաձեի կողմից՝ պետության ֆինանսական աջակցությամբ: Ձեռնարկությունում իրականացվել է մոտ 500 000 լարիի ներդրում, այստեղից 170 000 լարին արտոնյալ ագրովարկ է:

Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության տնօրեն Իլիա Թամարաշվիլին, Քվեմո Քարթլիի շրջանի լիազոր Շոթա Ռեխվիաշվիլու հետ միասին այցելել է ձեռնարկություն և ծանոթացել աշխատանքային գործընթացին:

Ձեռնարկությունում վերամշակում են միջինը 8 տոննա կաթ և պատրաստում երեք տեսակ պանիր. Գործարանային (Քարխնուլի), Սուլգունի և Իմերուլի: Այստեղ աշխատում է 24 մարդ: Ապրանքն իրացվելու է տեղի շուկայում:

Ինչպես նշում են գյուղատնտեսության նախարարությունում, 2013 թվականից մինչ օրս, պետության օգնությամբ, «Միացյալ ագրոնախագծի» շրջանակներում, Քվեմո Քարթլիի շրջանում գործարկվել է 23 նոր ձեռնարկություն: