Տեղեկությունն ու լուսանկարը վերցված են համացանցից
NOR – ռադիոյի մեր հետեւորդներին ենք ներկայացնում տաղանդավոր մի երիտասարդի՝ Էդգար Էլբակյան կրտսեր:
Էդգար Էլբակյան կրտսերը ծնվել է 1982 թվականի հունիսի 30-ին: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Խաղացել է թատրոնում, կինոյում: Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Օ՝ Նիլլի «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի։ Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը։ Էդգար Էլբակյան կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների և երգերի հեղինակ է։ 2002 թվականին լույս է տեսել Էդգար Էլբակյան կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։ Մահացել է 2000 թվականի օգոստոսի 13 -ին:
Հանդիսատեսի եւ ժողովրդի կողմից սիրված ու հիթ դարձած «Լուսին» երգը որը կատարում է երգչուհի Սոնա Ռուբենյանը, նույնպես պատկանում է Էդգար Էլբակյան կրտսերի գրչին:
Խորեն Լևոնյանը (հայ դերասան և հաղորդավար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ) «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարում, մեջ է բերում Էդգարի ստեղծագործությունից «Դու միայն կանչիր, դու միայն ասա, դու միայն հիշիր ու միայն ժպտա, ես կգամ քեզ մոտ, ուր էլ որ լինես, իմ անհագ կարոտ, ես փնտրում եմ քեզ»։ Մենք էլ իրեն՝ Էդգարին ենք փնտրում մեր շուրջը ու չենք գտնում։ Չենք գտնում նրա տեսակը, արվեստի մարդու այն տեսակը, ում համար ստեղծագործելը բնական շնչառություն է և ապրելու կերպ, նաև աղոթք։
Էդգարի «Կարոտ» երգը՝ Խորեն Լևոնյանի կատարմամբ
«Թե փակվի վարագույրը աշխարհի դեմ,
Ա՜խ, մեկ է, իմ երազը բեմ է ու բեմ։
Թե լռեն երգերը ու մեռնեն դերերը,
Ա՜խ, մեկ է, իմ երազը բեմ է, բեմ է ու բեմ…»։
Էդգար Էլբակյան կրտսեր