Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց չեմպիոն «Բարսելոնային»։ 2։0 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած Արքայական թիմը, որը Լա Լիգայում նախորդ անգամ կատալոնական թիմի նկատմամբ առավելության հասել էր 2016թ․ ապրիլին։
Առաջին խաղակեսում երեք դրվագներում «Ռեալին» գոլից փրկեց բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Երկրորդ խաղակեսում երկու անհավանական սեյվ կատարեց կատալոնական թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
71-րդ րոպեին «Ռեալը» խփեց առաջին գոլը։ Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին աչքի ընկավ Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող հարձակվող Մարիանոն, որը մեկ րոպե առաջ էր փոխարինել Արքայական թիմում 500-րդ հանդիպումն անցկացրած ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային։ Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը։
Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում այս թիմերի հանդիպումը Բարսելոնայում ավարտվել էր 0։0 հաշվով։
«Ռեալը» 56 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ է 1 միավոր։
«Ռեալն» ու «Բարսելոնան» հանդիպում էին 244-րդ անգամ։ «Ռեալը» տարավ 96-րդ հաղթանակը։ Նույնքան հաղթանակ ունի «Բարսելոնան»։ 52 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 43-րդ անգամ մասնակցեց Սուպերկլասիկոյին։ Նա այդ ցուցանիշով գերազանցել է կատալոնական թիմի նախկին կիսապաշտպան, իսպանացի Չավիի ակումբային ռեկորդը՝ 42 հանդիպում։
Սուպերկլասիկոյի ռեկորդակիրը Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն է՝ 44 հանդիպում։ sport.news.am