Վրաստանի կառավարությունը բջջային հաղորդագրություններ է ուղարկում քաղաքացիներին, որտեղ մասնավորապես նշված է՝ «Պահպանեք անձնական հիգիենան, առանց անհրաժեշտության տանից դուրս մի եկեք, հատկապես զգույշ լինեն նրանք, ովքեր 60 տարեկանից բարձր խմբում են, հարկ եղած դեպքում ինքնամեկուսացվեք»:
Կառավարությունը հորդորում է նաև հազի ու ջերմության դեպքում դիմել բժշկի:
Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 33 դեպք, կարանտինում է գտնվում 637, հատուկ ուշադրության ներքո՝ 54: Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: Վիրուսը հայտնաբերվել է 50-ամյա մի տղամարդու մոտ, ով Վրաստան էր եկել Իրանից։
Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում ինքնամեկուսացվել, չհաճախել մարդշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքները ևս: Ի դեպ, Վրաստանը երկու շաբաթով փակում է սահմանները բոլոր պետությունների հետ: