Ախալցիխե տեղափոխված 30 քաղաքացիներից մեկը պատմում է կարանտինի մասին

Ախալցիխե տեղափոխված 30 քաղաքացիներից մեկը պատմում է կարանտինի մասին

Մարտի 21 -ին NOR -ռադիոն անդրադարձել էր, որ Վրաստանի 30 քաղաքացիներ, ովքեր վերադարձել էին Հայաստանից եւ մաքսակետում գտնվում էին  սպասողական վիճակում, մինչեւ իրենց տեղափոխումը կարանտինային գոտի:

NOR -ռադիոն փորձեց պարզել, թե որտեղ եւ ինչ պայմաններում են գտնվում այդ մարդիկ՝ մարտի 23 -ի դրությամբ:

Ներկա պահին կարանտինի մեջ գտնովող մարդկանցից մեկը մեզ հետ զրույցում պատմեց. «Մեզ սահմանին 10 ժամ սպասեցնելուց հետո, որտեղ որոշ մարդկանց ինքնազգացողությունը պանիկայից եւ կորոնավիրուսով վարակված լինելու մտավախությունից վատացել էր, վերջապես ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մեզ՝ 30 հոգուս տեղափոխեցին Ախալցիխե: Տեղ հասանք մարտի 21 -ի գիշերը, չնայած օրը փոխվում էր, արդեն մոտավորապես գիշերվա  ժամը 1:00 էր լրանում: Մեզ տեղավորեցին Ախալցիխեի «Grand Palace» հյուրանոցի համարներում:

Մեզանից ոչ մեկը իրավունք չունի հյուրանոցի համարներից դուրս գալու, շրջում ենք միայն սենյակում եւ դրան կից պատշգամբում: Այսօր արդեն երկրորդ օրն է լրանում կարանտինային ռեժիմի: Հյուրանոցի պայմանները լավ են, կա ամեն հարմարություն: Ինչ վերաբերվում է սնունդին՝ այն տալիս են օրվա ընթացքում 3 անգամ: Նախաճաշին տալիս են երշիկ, պանիր, երկու կտոր հաց, սուրճ, կաշա, իսկ ճաշին՝ լինում է որ կոտլետ, կարտոֆիլ, աղցան, ընթրիքին՝ խինկալի, տարբեր տեսակի աղցան, թեյ եւ այլն: Աշխատակիցները ուտելիքը թողնում են միջանցքում, թակում են դուռը եւ շուտ հեռանում:

Իսկ մեր ջերմությունը չափեցին միայն սահմանին, որից հետո ընդհանրապես ոչ հետազոտել են ոչ էլ ստուգել, ուղղակի ասացին, որ ընդհանրապես կապ չունի ջերմություն ունես թե ոչ, կամ վարակված էս թե ոչ, միեւնույնն է պետք է մեկուսացնենք: Չնայած այն բանին, որ ոչ հիվանդ եմ ոչ ջերմություն ունեմ միևնույնն է հյուրանոցի աշխատակիցները խուսափում են անգամ մեզ հետ զրուցելուց: Իսկ ոստիկանության աշխատակիցները անըհնդատ հսկում են», – մեզ հետ զրույցում պատմեց կարանտինում գտնվող 30 անձանցից մեկը:

Հիշեցնենք, որ երկրում մարտի 21 -ից տիրում է արտակարգ իրավիճակ, որը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը: