Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Թիկարաձեին առաջարկում է 2 տուն՝ Զուգդիդիում ու Կվարելիում, նաև 10 մահճակալ, որոնք կարելի է օգտագործել որպես կարանտինային տարածք:
Վրաստանի նախկին առաջին տիկինն ասել է՝ գլոբալ մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է համագործակցություն ու աջակցություն՝ COVID-19-ից նվազագույն վնաս կրելու համար: Ռուլովսը տեղեկացրել է, որ Զուգդիդիում իր ղեկավարած SOCO բարեգործական հիմնադրամին պատկանող 10 մահճակալ կա՝ հոլանդական կլինիկայից, որոնք իրենք պատրաստ են ժամանակավոր օգտագործման հանձնել: Տրամադրում է նաև Զուգդիդիի երկհարկանի տունը՝ տնամերձ մեծ տարածքով: Տունը նույնպես նշված հիմնադրամին է պատկանում, ժամանակին ծառայել է որպես հատուկ կարիքներով երեխաների ցերեկային կենտրոն, այժմ չի գործում: Այստեղ 6 առանձին սենյակներում հնարավոր է 10 մարդ տեղավորել։
Մինչ այդ Սաակաշվիլին էր խոսել Կվարելիում բնակելի տունը տրամադրելու մտարդության մասին, որտեղ նույնպես հնարավոր է 10 մարդու բնակությունը։
Սանդրա Ռուլովսն իր ուղերձում առողջություն ու մեծ հաջողություններ է մաղթել՝ երկրի համար դժվարագույն այս ժամանակահատվածում:aliq.ge