Ուսուցչուհի Նազելի Բաբաջանյանի առցանց ուսուցումը

Ուսուցչուհի Նազելի Բաբաջանյանի առցանց ուսուցումը

Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում հեռավար ուսուցմանը անցած առաջին դպրոցներից է նաև Եֆրեմովկայի հանրային դպրոցը:

Դպրոցի ուսուցչուհի Նազելի Բաբաջանյանը շատ ավելի շուտ էր նախաձեռնել հեռավար ուսուցումը, միջոց ընտրելով Wiber և WhatsApp հեռահաղորդակցության կապերը: Ուսուցչուհին այդպես սկսել է աշխատել իր դասարանների հետ դեռ մարտի 12-ից, մինչև Նախարարության ուղարկած Microsoft teams ծրագիրը:  Հիմա իրենք տեղափոխվել են այդ դաշտ ու աշխատում են այնտեղ, ընտելանալով նոր աշխատաոճին ու հնարավորություններին :

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս աշխատաոճը կարելի է համեմատել ստացիոնար ուսուցման հետ, Նազելի Բաբաջանյանը պատասխանեց.

«Իհարկե ոչ, այս հեռավար ուսուցումը միայն լրացնում է պահանջվածի 40%-ը, այսինքն ուսուցիչը թուլացնում է իր ազդակները, իր դերը, դասը անցնում է ընտանեկան մթնոլորտում ու այդ դասը կորցնում է կարևորության ազդակները, ուսուցիչը մնում է անզեն, քանզի հեռավար ուսուցման ժամանակ մեքենայաբար դուրս է մղվում դիդակտիկ ու սոկրատյան ուսուցման մեթոդները, մնում է միայն մարզումը, այսինքն երբ սիստեմատիկորեն կրկնվում են միևնույն տիպի վարժությունները, որոնց առկայությամբ աշակերտի մոտ ձևավորվում են հմտություններ և պահպանվելով եղածը հմտանում են որոշ ուղղվածություններում, աշխատելով ինքնուրույն։

Այստեղից դուրս է մնում շատ կարևոր երկու բան. զարգացնող ուսուցման տեսությունը, որի ժամանակ աշակերտները ունենում էին հնարավորություն պրակտիկ կերպով կազմակերպել իրենց ֆիզիկական, ճանաչողական ու բարոյական ունակությունները և նրանց միաժամանակ բանավեճի մեջ ներքաշելով մղում էինք քննադատական մտածողության և նոր գաղափարների ձևավորման, բայց այս հեռավար ուսուցումը մեզ՝ ուսուցիչներիս զրկում է աշակերտներին մոտիվացնելու շատ հնարավոր տարբերակներից:

Սակայն լավ է անել այսքանը, քան ոչինչ չանել, քանզի կրթության մեջ միշտ էլ կարևոր դեր է զբաղեցրել ինքնակրթությունը և այս մեթոդը մեզ ընդամենը թույլ է տալիս օգնելու աշակերտին ինքնակրթվել:

Այս կրթությունը նման է Ռոջերսի առանձնացրած «իմացական» ուսանմանը, այսինքն դիմազուրկ, զուրկ փորձից, նպատակից ու նշանակությունից, այսինքն միայն ընդհանուր գիտելիքի մակերեսային ապահովում, զուրկ ամեն տեսակ մոտիվացիաներից» – նշեց ուսուցչուհի Նազելի Բաբաջանյանը նոր հեռավար ծրագրի և դասընթացների դերի մասին: