Հեռավար դասընթացները այսօր իրական են ամբողջ աշխարհում։ Վրաստանը նույնպես ստեղծված իրավիճակի պատճառով անցել է հեռավար դասընթացների։ Ինչպես նշում են ուսուցիչները կարանտինային այս պայմաններում դասընթացները հնարավորություն են տալիս աշակերտներին չմոռանալու իրենց գիտելիքները։
Ժդանովականի հանրային դպրոցի ուսուցչական կոլեկտիվը այսօր դասընթացները անցկացնում է առցանց։ Չնայած ծրագրի նոր լինելուն և դրա դժվարություններին, ամեն դեպքում ուսուցումը իրականացվում է ըստ ծրագրի։
Ժդանովականի հանրային դպրոցի ուսուցչուհի Լամարա Բադոյանը նշեց. «Դժվարություններ շատ կան, երբեմն կապն է կտրվում, երբեմն այն թույլ է, երբեմն լույսերն են մարում, շատ դժվար է համակերպվել հեռավար դասընթացին եւ ինձ համար այն անընդունելի է»:
Իսկ ծնողները նշում են, որ իրենց գործը ավելի է դժվարացել։
Բողոքող ծնողները հիմնականում ցածր դասարանների աշակերտների ծնողներն են, նրանք ամեն առցանց դասի ընթացքում պետք է նստեն երեխաների կողքին, քանի որ իրենք են միացնում ու անջատում տեսազանգը, կարգավորում են դասընթացի հետ առնչվող ամեն մի խնդիր։ Նրանք մասնավորապես նշում են.
«Եթե առաջ աշակերտը դպրոցում էր ստանում առաջադրանք, հիմա մենք մի առցանց դաս նստում ենք երեխայի կողքին և դասից դուրս կրկին պետք է նստենք նրա կողքին, որպեսզի ճիշտ կատարի հաջորդ դասի առաջադրանքը, այսինքն մեր գործը կրկնապատկվում է»։
Ժդանովականի հանրային դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհի Սաթենիկ Մնոյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Լավ է, որ այս իրավիճակում գոնե կարողանում ենք իրականացնել հեռավար ուսուցում, բայց դպրոցն ու դպրոցական նստարանը, աշակերտի ու ուսուցչի անմիջական կապը մեզ համար շարունակում են մնալ իդեալական»:
Մանրամասները ստորեւ՝ տեսանյութում.