Արտակարգ դրության խստացման շրջանակներում ներդրված սահմանափակումներն արգելում են ավելի քան 3 մարդու նույն մեքենայում գտնվել, անկախ տարիքից, ինչպես նաև արգելում է ուղևորին նստել առջևի նստատեղին՝ վարորդի կողքին:
Ապրիլի 1-ին՝ արտակարգ դրության խստացման երրորդ օրը, երբ 10-ից ավելի մարդու հավաքի արգելքի փոխարեն, արդեն արգելվում է 3 հոգու հավաքը մեկ վայրում (բացառությամբ մթերային խանութների և դեղատների, որտեղ բոլորը պետք է 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանեն), Ախալքալաքի բնակիչները տուգանվել են առջևի նստատեղում նստելու համար: Ավելին, 3000 լարի տուգանքը նախատեսված է ոչ միայն այն անձի համար, ով խախտել է կարգը, այսինքն՝ ով նստել է վարորդի կողքին, այլև վարորդը ևս պետք է վճարի: Առավելագույնը 2 ուղևոր պետք է նստեն հետևի նստատեղին, այն էլ ծայրամասային նստատեղերին, որոնք գտնվում են նույն հեռավորության վրա, բայց չի կարելի նստել առջևի նստատեղին:
«Առաջինը՝ չեն նախազգուշացրել, մենք գիտենք, որ 3 հոգուց ավելի չի կարող լինել մեքենայում, բայց որ չի կարելի նստել վարորդի կողքին, այդ մասին տեղյակ չէինք: Դե, հասկանալի է, խիստ անվտանգության միջոցներ են ձեռնարկվում, բայց միևնույն է որտեղից գիտեին այդ մարդիկ, մենք նույնպես չգիտեինք, չնայած հիմա կարծում եմ, որ բոլորն արդեն կիմանան, բայց 3000 լարին կատակ բան չէ: Բնակչության չիրազեկվածության պատճառով մի քանի քաղաքացի չպետք է վճարի, այն էլ այդքան մեծ գումարներ», – ասում է երիտասարդը:jnews.ge