Այսօր Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների պատգամավոր Հենզել Մկոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր դիմումը ուղղված Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հենզել Մկոյանը նշել է, որ պաշտոնական նամակով դիմել է նաև ՆԳՆ:
«Այո, ես արդեն պաշտոնապես դիմել եմ, ես խորհրդարանի պատգամավոր եմ, և մարդկանց աչքի առաջ իմ նկատմամբ մահափորձ է կատարվել», – ասաց պատգամավոր Հենզել Մկոյանը:
Ներկայացնում ենք Հենզել Մկոյանի նամակի տեքստը ուղղված նախարարին:
«Վրաստանի ներքին գործերի նախարար Պարոն Վախտանգ Գոմելաուրիին
Պարոն Վախտանգ
Ինչ որ մեկը կարող է ցույց տալ Վրաստանում այնպիսի մի ընտանիք, որտեղ պահպանվել են 14 տեսակ ռազմական զենք իր պարագաներով հանդերձ։ Հետաքննության ընթացքում Պետրոսյանի տանից 14 այլևայլ տեսակի մարտական զենք են հանել, որոնք նա ժամանակին խլել է հասարակ քաղաքացիների ձեռքից, իսկ հետագայում օրինականացրել։
Ես խնդրանքով դիմում եմ ներքին գործերի նախարարին, որպեսզի այդ զենքերը բռնագրավվեն, քանի որ դրանցից նույնիսկ մեկի հետ վերադարձի դեպքում Սամվել Պետրոսյանը կամ նրա որդին կարող են կիրառել իմ և ցանկացած անմեղ մարդու նկատմամբ (այդպիսի դեպք արդեն իրականացվել է Սամվել Պետրոսյանի կողմից)։ Նա կանխամտածված սպանության, իմ մահափորձն էր ուզում իրականացնել, սակայն դա նրան բարեբախտաբար չհաջողվեց։
Իմ խնդրանքն է նախարարին, որպեսզի ստուգվի նրանց տանը հայտնաբերած զենքերի ծագումը և թե ինչպե՞ս, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում և ու՞մից են ձեռք բերվել դրանք։
Ինչպես նաև ստուգվի, թե արդյո՞ք այդ զենքերից որևէ մեկով չի կատարվել հանցագործություն։
Հարգանքներով՝
Հենզել Մկոյան»:
Նշենք, որ մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Գոլդ» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Արդյունքում ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր որդուն: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ խուլիգանություն կատարելու մեջ: tv9news.ge