Նինո Լոմջարիան ասել է, որ ոչ մի մունիցիպալիտետ անտունների վիճակագրություն չունի, ու բացակայում է նաև այդ կարգավիճակի մարդկանց օգնություն տրամադրելու ծրագիրը: Իսկ առանց պաշտոնական տվյալների՝ դժվար է լուծել նրանց խնդիրները:
Տանիք չունենալու պատճառով՝ անտունները զրկված են արտակարգ ռեժիմի պահանջներին հետևելու հնարավորությունից՝ պարետային ժամ, անձնական հիգիենա, ինքնամեկուսացում և այլն: Լոմջարիայի կարծիքով՝ սա վարակի տարածման մեծ ռիսկեր է պարունակում: Նա կոչ է արել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի ու մասնավոր սեկտորի հետ շինություններ փնտրել, որոնցում հնարավոր կլինի անտունների համար գիշերակաց կազմակերպել:
Տրանսպորտի գործունեությունը դադարեցնելուց հետո ծանր դրության մեջ են հայտնվել նաև բուժօգնության կարիք ունեցողներն ու պետական ծրագրերի (տուբերկուլյոզի, Հեպատիտ C-ի բուժում, երիկամների փոխպատվաստում) շահառուները: Խոսքը մոտ 75 հազար մարդու մասին է, ովքեր պարբերաբար ստիպված են համապատասխան բուժկենտրոններ դիմել՝ դեղեր ստանալու համար, բայց տրանսպորտի բացակայությունը խնդիր է դարձել: Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է տեղական կառավարման մարմիններին՝ նման պացիենտների համար դեղամիջոցներ տուն հասցնելն ապահովել՝ նրանց կյանքը չվտանգելու համար:aliq.ge