«Կյանքի կանչը». Ռիմա Մկրտչյան-Կարապետյան /տեսանյութ/

«Կյանքի կանչը». Ռիմա Մկրտչյան-Կարապետյան /տեսանյութ/

Ռիմա Շալիկոյի Մկրտչյան-Կարապետյանը ծնվել է 1961թ. ապրիլի 1-ին Փոկա գյուղում: 2 տարեկանում հորը կորցրած կինը ունի երկու անուն՝ ըստ անձնագրի՝ Հռիփսիկ, իսկ գյուղի բնակչությանը նա հայտնի է Ռիմա անվամբ: ՛՛Մենք 2 քույր և 2 եղբայր ենք եղել ընտանիքում: Ես գոհ եմ մորս տված դաստիարակությունից՛՛,-նշում է տիկին Ռիման:

Տիկին Ռիման սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Այն ժամանակ դպրոցն ունեցել է 10-ամյա ուսուցում: 18 տարեկանում ամուսնացել է, ունի 3 դուստր, 1 որդի և 9 թոռ: Ընտանիքի սոցիալական դժվարին պայմանները թույլ չեն տվել աղջկան բարձրագույն կրթություն ստանալ: ՛՛Ամեն մարդ պետք է գոհանա իրեն բաժին հասած ճակատագրից՛՛:


Ինչպես ինքն է նշում, բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս 10 տարեկան հասակից: Տիկին Ռիման գրելիս ոգեշնչվել է իր ուսուցիչ Միքայել Հովսեփյանից: 58-ամյա կինը ոչ միայն գրում է, այլ նաև՝ լավ պատրաստում է, երգում, նկարում և ձեռագործ աշխատանքներ կատարում: ՛՛Ափսոսում եմ, որ ճակատագրի բերումով բարձրագույն կրթություն չեմ կարողացել ստանալ: Փոխարենը ունեմ լավ ընտանիք, որով շնչում և ապրում եմ արդեն 58 տարի՛՛:


Այսօր արդեն տիկին Ռիման ունի բանաստեղծությունների տպագրված գիրք, որի լույս ընծայմանը օգնել է իր ռուսաստանաբնակ հարազատներից Նաիրի Մկրտչյանը:

“Ես շարունակեցի գրել, տեսնելով, որ ինձ մոտ դա ստացվում է: Իմ երազանքները մինչ օրս մնացել էին անկատար: Եվ ահա եկավ այն ուրախալի պահը, երբ իմ մեջ արթնացավ տաղանդը: Ինձ շատ է ոգևորել իմ հարազատ Նաիրի Մկրտչյանը, ով ապրում է Սուրգուտ քաղաքում: Նա մի անգամ եկել էր գյուղ,
մեզ հյուրընկալվելիս իր ձեռքը վերցրեց իմ բանաստեղծույունների տետրը, կարդաց և շատ հավանեց: Նա ասաց, որ ցանկանում է, որ հանրությունն էլ դրանք կարդալու հնարավորություն ունենա: Անցյալ տարի ևս Նաիրին գյուղ էր եկել, հետո գնաց Հայաստան ու ինձ զանգահարեց՝ ասելով, որ ուղարկում է մի մարդու, ում կարող եմ վստահել իմ բանաստեղծությունների տետրերը: Ես շատ ուրախացա, որ իմ երազանքն իրականացավ, այդ պատճառով էլ ես գիրքը անվանեցի ՛՛Կյանքի կանչը՛՛: Որոշ ժամանակ անց նորից զանգահարեց Նաիրին և ասաց, որ իմ գիրքն արդեն տպագրվել է: Նա հիմա էլ ինձ ոգեշնչում է, որ ես պատրաստվեմ երկրորդ գրքի լույս ընծայմանը”:

՛՛Կյանքի կանչը՛՛ գրքում տեղ են գտել տարբեր բանաստեղծություններ՝ մանկական, հայրենասիրական, զգացմունքային, իմ մանկության օրերին և մորս նվիրված: Տիկին Ռիման գրել է նաև պատմվածքներ, որոնք կտպագրվեն երկրորդ գրքում:

՛՛Ես միշտ կարող եմ ստեղծագործել, եթե մյուսների դեպքում մուսան հազվադեպ է գալիս, իմ դեպքում այն միշտ ինձ հետ է: Եթե ես ցանականամ, կարող եմ միանգամից գրել 20-25 բանաստեղծություն՛՛:

Երկրորդ գրքում լինելու են պատմվածքներ և բանաստեղծություններ: Տիկին Ռիման չի դադարում գրել: 4 օրերի ընթացքում գրել է 15 բանաստեղծություն: Նա երկրորդ գիրքը նվիրելու է իր հարազատներին և գյուղի բնակիչներին: Տիկին Ռիման նաև աղոթքի միջոցով մարդկանց ազատում է վախից:

Մանրամասները դիտեք Ռիմա Մկրտչյանի հետ մեր զրույցի տեսանյութում.