Ապրիլի 13-ին Մեծ Արագյալ գյուղում Ռաֆայել Աղջոյանի կողմից իրականացվել է բարեգործական ակցիա Կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմացման նպատակով:
Բարեգործը Մեծ Արագյալ գյուղի 150 ընտանիքի նվիրաբերել է 1-ական պարկ ալյուր:
Ռաֆայել Աղջոյանը բարեգործական ակցիայի համար նվիրաբերել է ավելի քան 9 հազար լարի գումար: Գյուղում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը կազմակերպել է ալյուրի բաժանումը բնակիչներին: Բնակիչները հնչեցրել են գոհունակության խոսքեր Աղջոյանի հասցեին ստեղծված դժվարին պայմաններում օգնություն ցուցաբերելու համար:
«Մեկ ամիս գոնե բնակիչները չեն մտածի ալյուր գնելու մասին»,-ասաց Մեծ Արագյալ գյուղի բնակիչ Լևոն Դալիբալթյանը:
«Մենք ամբողջ գյուղով երախտապարտ ենք Սլավիկին և նրա որդի Ռաֆայելին, որ այս դժվարին պահին օգնեցին մեզ»,-նշեց բնակչուհի Սվետլանա Ղալիջյանը:
Սլավիկ և Ռաֆայել Աղջոյանները ապրում են Հայաստանում և զբաղվում ձեռներեցությամբ: Նրանք բնակիչներին հետագայում ևս խոստացել են վարուցանք կատարելու համար վառելանյութ տալ կամ օգնել շաքարավազով:
Նյութի մանրամասները դիտեք տեսանյութում.