NOR ռադիոն շատ հաճախ թիրախավորում է այն մարդկանց, ովքեր պատմություն են կերտել, սերունդներ են կրթել ու դաստիարակել երկար տարիներ։ Ռադիոկայանի այս նախաձեռնությունը տեսադաշտ է բերում վաստակաշատ մարդկանց, այդ կերպ ցուցաբերելով հարգանք, ուշադրություն և խոնարհում նրանց առջև։
Այդպիսի մեկ խոնարհում ևս վաստակաշատ ուսուցչուհու հանդեպ։
Լուիզա Հովսեփի Անտանոսյանը ծնվել է 1948թ. սեպտեմբերի 28-ին Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում, բազմանդամ ընտանիքում։ Հաճախել է տեղի 8 ամյա դպրոցը։ Միջնակարգը ավարտել է Բոգդանովկայում ( այժմ՝ Նինոծմինդա)։
Դպրոցն ավարտելուց հետո, 1968 թվականին մեկնել է Երևան և ընդունվել Ակսել բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը։ Ուսումը ավարտել է 1971 թվականին և վերադարձել է հայրենի գյուղ՝ Ժդանովական։ Այստեղ անմիջապես նույն թվականի օգոստոսին անցել է աշխատանքի։ Սկզբնական շրջանում դասավանդել է միջին դասարաններում, իսկ որոշ ժամանակ անց արդեն դասավանդել է տարրական դասարաններին, երկար տարիներ սովորեցնելով աշակերտներին նախ գրիչ բռնել, այնուհետև գրել տառեր և թվեր։
«Ես շատ եմ սիրել իմ աշխատանքը։ Դպրոցում աշխատելու տարիները դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին, կրթել ու դաստիարակել սերունդներ, ունենալ լավ ու կատարյալ կոլեկտիվ դա հրաշք է։ Ես երբևէ չեմ պատկերացրել կամ երազել այդ մասին, բայց այդ ամենը ունենալուց հետո եմ արդեն գիտակցել, որ հենց դա է երջանկությունն ու երազանքների իրականացումը։ Բայց հիմա արդեն կորցնելով այդ տարիները մեծ ցավ եմ ապրում։ Հիմա յուրաքանչյուր բացվող օրը կարծես թե ինձնից հատ առ հատ պոկում տանում է իմ կերտած լավ հուշերը», – նշեց տիկին Լուիզան։
Նա դպրոցում աշխատել է 1971 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբեր, երբ հատուկ ծրագրով թոշակառու ուսուցիչները պետք է հրաժեշտ տային դպրոցին։ Լուիզա Անտանոսյանը նույնպես կամավոր դիմում է գրել և հրաժեշտ տվել սիրելի դպրոցին։ Ուսուցչուհին ունի գրեթե 50 տարվա աշխատանքային փորձ։ Եվ այդ երկար ու ձիգ աշխատանքային տարիները ունեցել են իրենց դժվարությունները։ Դժվարաությունների մասին խոսելիս վաստակաշատ մանկավարժը նշեց.
«Դժվարությունները հիմնականում մութ ու ցուրտ տարիներին էին։ Այն ժամանակ մեր աշխատավարձը կուպոն էր և չնչին աշխատավարձ էր, հազիվ մեկ հաց էինք գնում։ Բայց մենք ամեն գնով կարողացանք այդ տարիներին աշխատել և հաղթահարել ամեն մի դժվարություն, լավ կոլեկտիվի շնորհիվ դպրոցը այդ տարիներին շարունակեց իր աշխատանքը»։
Մեր այն հարցին. եթե մեկ կյանք ևս ապրեր, կրկին կընտրե՞ր մանկավարժի աշխատանքը, ուսուցչուհին պատասխանեց։
«Եթե մեկ կյանք և մեկ հնարավորություն ևս տրվեր ինձ, ես կրկին կընտրեի մանկավարժի աշխատանքը։ Եվ կրկին կաշխատեի առաջին դասարանի աշակերտների հետ, որովհետև երեխաների հետ աշխատելով մարդ ինքն էլ է դառնում նրանց նման պարզ, մաքուր։ Նրանց աշխարհը մի յուրահատուկ աշխարհ է, հայտնվելով այնտեղ՝ ապրում ես այդ աշխարհի բարի օրենքներով»։
1985 թ. ապրիլի 11 ին «Արշալույս» թերթը լույս տեսած իր հերթական համարում անդրադարձել է Լուիզա Անտանոսյանին, մասնավորապես նշելով, որ ուսուցչուհու աշխատանքից գոհ են և դպրոցի տնօրինությունը և ծնողները։ Իսկ փոքրիկների համար նա հոգատար, ուշադիր, գիտելիքներով հարուստ ուսուցչուհի է, հեղինակություն։ Նյութի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև տեղադրված լուսանկարում։
Ամփոփելով արդեն ծերացած, սպիտակահեր, վաստակաշատ մանկավարժի կյանքն ու գործունեությունը նշենք, որ Լուիզա Անտանոսյանը ամուսնացած է, ունի երեք զավակ՝ երկու դուստր և մեկ տղա։ Նրա հասակը այսօր ծաղկեցնում են երեխաները, թոռները, ծոռները, հարազատները, երկար տարիների գործընկերները և ինչու չէ նաև ավագ սերունդները։ Նրանց մեկ ջերմ բարևը բավական է ուսուցչուհուն, որ նա մտովի վերդառնա անցյալում մնացած աշխատանքային տարիները և իրեն կրկին զգա երիտասարդ, կենսախինդ ու վստահ, որ կրթում ու կրթել է սերունդներ։
Մանրամասները՝ ստորև.