«KaZantip Հանրապետության» նախագահ Նիկիտա Մարշունոկը ներողություն է պահանջել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիից, ով քննադատության է ենթարկել միջազգային երաժշտական նախագիծը, որն այս տարի առաջին անգամ անցկացվել է վրացական Անակլիա քաղաքում, գրում է «Новости-Грузия»-ն։
Նախարարը նշել էր, որ «KaZantip-ը շատ ցածր որակի փառատոն է»։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք ավելի որակյալ փառատոներ անցկացնել, քան KaZantip-ն է»,- ասել էր Կվիրիկաշվիլին։
Ի պատասխան՝ Մարշունոկը բաց հայտարարություն է տարածել. «Որպես «KaZantip Հանրապետության» նախագահ՝ ես չեմ կարող առանց ուշադրության թողնել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի անհեթեթ հայտարարությունը։ Հետաքրքիր է, ի՞նչ ցուցանիշներ եք Դուք նկատի ունեցել և որտեղի՞ց են Ձեր գիտելիքները «Հանրապետության» մասին, ուր Դուք չեք այցելել»։
Մարշունոկը նամակում լուրջ կասկածներ է հայտնում, թե իրենք կարող են ինքնուրույն կազմակերպել նման փառատոն։ «Սակայն մենք պատրաստ ենք օգնել Ձեզ։ Միայն հանուն Վրաստանի հանդեպ ունեցած հարգանքի՝ Ձեզ իրավունք եմ տալիս ներողություն խնդրել KaZantip-ի ժողովրդից և խնդիրը համարել լուծված»,- գրված է հայտարարությունում։