Օրվա որոշակի ժամերի գյուղերի բնակիչներին թույլատրվում է երթևեկել մեքենաներով

Օրվա որոշակի ժամերի գյուղերի բնակիչներին թույլատրվում է երթևեկել մեքենաներով

Արտակարգ դրության պայմաններում թեթև մարդատար մեքենաներով երթևեկության արգելքի երկարաձգումից հետո գյուղական համայնքների բնակիչների համար կատարվել են որոշակի բացառություններ: Մասնավորապես ապրիլի 22-26-ը բնակիչները իրենց կենցաղային կարիքները հոգալու նպատակով կարող են երթևեկել բոլոր տեսակի փոխադրամիջոցներով առավոտյան 06:00-08:00 և երեկոյան 18:00-19:00 ընկած ժամանակահատվածում առանց որևէ թույլտվության: Նշված բացառությունը կատարվել է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների իրականացման կարևորությունը գյուղական բնակավայրերում ապրող բնակիչների համար:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահի և քաղաքապետի խոսքով, այլ նպատակով երթևեկելու համար բնակիչները պետք է ստանան թուլտվություն, որը քաղաքապետարանը տրամադրում է խիստ անհրաժեշտության պարագայում: Նրանց խոսքով, այսօրվա դրությամբ արդեն 30 քաղաքացի ստացել է թույլտվություն: Թուլտվություն ստանալու համար քաղաքացին դիմում է օպերատիվ շտաբ, նշում է երթևեկության ժամը, վայրը, որից հետո տրամադրվում է երթևեկության մասին անցաթուղթ:

Այնուամենայնիվ, այս բացառության պարագայում ևս բնակիչները պետք է պահպանեն սահմանված արտակարգ դրության պայմանները, այն է՝ երթևեկելիս ավտոմեքենայում չպետք է գտնվեն 3-ից ավելի անձ՝ վարորդը ներառյալ, իսկ 2 ուղևորները պետք է նստեն մեքենայի հետևի նստարանին:

Հիշեցնենք, որ կառավարությունը կորոնավիրուսով վարակման դեպքերը կանխելու նպատակով թեթև մարդատար մեքենաների երթևեկության մասին արգելքը երկարաձգել է մինչև ապրիլի 27-ը:

Նյութի մանրամասները լսեք Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանից.