Վրաստանում գործող մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ տարիներով պահանջում են երկրի իշխանություններից ճանաչել եւ դատապարտել 1915թ․ Հայոց ցեղասպանությունը, որը հանցանք է ոչ միայն հայ ժողովրդի այլ նաեւ համայն մարդկության հանդեպ։ Աշխարհի գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրները վաղուց ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Մի շարք հզոր եվրոպական երկրներ, որոնց հետ Վրաստանը ունի ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ արդեն վաղուց արդարությունը անվանել են իր անունով եւ ճանաչել 1915թ․ Հայոց ցեղասպանությունը։ Նույնն է արել նաեւ Վրաստանի ռազմավարական դաշնակից համարվող ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները։ Իհարկե նույնն է անելու մի օր նաեւ հայ ժողովրդի դարավոր հարեւան Վրաստանը, սակայն ե՞րբ է դա տեղի ունենալու։ Մի՞թե Վրաստանը աշխարհի վերջին երկրների շարքում է լինելու, ով ճանաչում եւ դատապարտում է այս համամարդկային մեծ աղետը։
Եթե ոչ Վրաստանը, ապա ո՞վ ավելի գիտի թուրքական կոտորածների մասին։ Վրաստանի պատմական աշխատություններում խոսվում է Թուրքիայի նկարագրի մասին, որը ոչ մեկ դարի պատմություն ունի։ Եւ այս իրավիճակում Վրաստանից ավելի լավ քչերն են հասկանում թե ինչպիսի մեծ ողբերգություն է տեղի ունեցել 1915թ․ հայ ժողովրդի նկատմամբ։
Այսօրվա Վրաստանը տնտեսական խորը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ եւ դա է հիմնական պատճառը, որ եղբայր Վրաստանը խուսափում է ճանաչել պատմական արդարությունը։ Սակայն Վրաստանը պետք է տեսնի, որ նույն դժվարություններն են ունեցել մի շարք եվրոպական երկրները ու ԱՄՆ-ն, բայց այնուամենայնիվ իրենց մեջ ուժ են գտել ճանաչելու պատմական արդարությունը, օգնելու համար իրենց բարեկամ Թուրքիային առերեսվել պատմական արդարության հետ։ Ասենք ավելին, որ Վրաստանի բարոյական պարտավորությունը իր հայ ազգի քաղաքացիների հանդեպ մեծացավ այն օրվանից, երբ նա ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը, որը իր մասշտաբներով չի կարող համեմատվել XX-րդ դարի ամենամեծ ողբերգության հետ։
Ի վերջո Վրաստանը եւս հետեւելու է քաղաքակիրթ երկրների օրինակին, որոնց մաս է ցանկանում դառնալ, սակայն խնդիրը այն է թե ե՞րբ է դա տեղի ունենալու, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչումից հետո՞ թե առա՞ջ։ Այդ իսկ պատճառով կրկին ու կրկին անգամ Վրաստանում բնակվող համայն հայության անունից, ովքեր այս երկրի լիարժեք քաղաքացիներն են ու մեծ ընտանիքի անդամները, կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին իրենց մեջ ուժ գտնելու եւ ճանաչել ու դատապարտել 1915թ Հայոց ցեղասպանությունը, վերահաստատելու այն համամարդկային արժեքները, որոնց կրողը ցանկանում է դառնալ Վրաստանը։
Ամբողջ նյութը տրամադրել է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը։