Սեպտեմբեր 16, 2014
Վրաստանի Սահմանադրական դատարանը որոշել է ազատել օտարերկրացիներին այն գումարի վճարումից, որը պետք է վճարել դպրոցներում սովորելու համար անհրաժեշտ վաուչերը ձեռք բերելու նպատակով:
Այսպիսով, նոր ուսումնական տարում 400 աշակերտներ Վրաստանի հանրակրթական դպրոցներում սովորելու համար այլեւս պարտավոր չեն վճարել ուսման «դիսկրիմինացիոն գումարը»:
Այդ պահանջով Վրաստանի սահմանադրական դատարանին դիմել էր «Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպությունը, որը ներկայացնում էր կոնկրետ վեց արտասահմանցի (Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացի) դպրոցականների շահերը:
Հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ ներկայումս գործող նորման հակասում է Վրաստանի Սահմանադրության 14-րդ հոդվածին, որը երաշխավորում է հավասարություն օրենքի առջեւ:
«Քանի որ Վրաստանի քաղաքացիները ստացել են դպրոցական վաուչերը անվճար, իսկ օտարերկրացիները վճարել են դրա համար, ստացվում է, որ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կիրառվել է խտրական մոտեցում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հասարակական կազմակերպությունը կարծում է, որ վիճարկվող նորմը հակասում է Վրաստանի Սահմանադրության 35-րդ հոդվածին, որում նշվում է, որ բոլոր (եւ ոչ միայն Վրաստանի քաղաքացիներն) ունեն կրթության իրավունք:
«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» ողջունում է Սահմանադրական դատարանի «առաջադիմական լուծումը» եւ նշում է, որ այս որոշումը համահունչ է մարդու իրավունքնեի Եվրոպական դատարանի պրակտիկային (եւ նախադեպային իրավունքին):
Ուսումնական տարին Վրաստանում սկսվել է երկուշաբթի, սեպտեմբերի 15-ին:
Վաուչերը կրթությունը ֆինանսավորող պետական ֆինանսական գործիք է, որը կարող է տրամադրվել նյութական եւ ոչ նյութական տեսքով: Սովորողը հանձնում է այն կրթական հաստատությանը, որն իր ընթացիկ ծախսերը ծախկելուց հետո կարող է մնացած միջոցները օգտագործել դպրոցի այլ նպատակների համար: Վաուչերի չափը կախված է դպրոցի աշակերտների թվից:
Նյութը՝ NewsGeorgia-ից:
Հայերեն թարգմանությունը Ջավախք Մեդիայի