Այսօրվանից թույլատրվում է ավտոմեքենաների և տաքսիների տեղաշարժը

Այսօրվանից թույլատրվում է ավտոմեքենաների և տաքսիների տեղաշարժը

Վրաստանում այսօրվանից թույլատրվում է թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը: Սահմանափակման չեղարկումը վերաբերում է նաև տաքսիների երթևեկությանը:

Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանիի մեկնաբանմամբ, սահմանափակումները չեղարկվում են ողջ երկրի մասշտաբով, բացառությամբ այն մունիցիպալիտետերի և վարչական միավորների, որտեղ գործում են խիստ կարանտինային սահմանափակումներ:

«Ինչպես հայտնի է, կառավարությունը մշակել է արտակարգ դրությամբ սահմանված արգելքները թեթևացնելու ծրագիր, որն ուրբաթ ներկայացրել էր վարչապետը: Նշված ծրագրի համաձայն, միջոցառումների թեթևացման և էկոնոմիկայի բացման առաջին փուլը գործակվելու է ապրիլի 27-ից: Դա նշանակում է, որ թույլատրվում է թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը, ինչպես նաև՝ տաքսիների աշխատանքը, ամբողջությամբ թույլատրվում է առցանց-վաճառքը (մեծածախ և մանրածախ), ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տիպի գյուղատնտեսական շուկաների գործունեությունը: Նշված սահմանափակումները չեղարկվում են ողջ երկրի մասշտաբով, բացառությամբ այն մունիցիպալիտետերի և վարչական միավորների, որտեղ գործում են խիստ կարանտինային սահմանափակումներ: Բացի այդ, հատկանշական է, որ այս ամենը վերաբերում է այն ընկերություններին, հաստատություններին և օբյեկտներին, որոնք բավարարում են առողջապահության նախարարության կողմից մշակված կանոնները»,- հայտարարել է Իրակլի Չիքովանին:

Ինչ վերաբերում է մեծ քաղաքներ մուտքի և ելքի արգելքին, որը գործում է ապրիլի 15-ից, ապրիլի 27-28-ին, բացառության կարգով, Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի և Բաթումի մուտքը և ելքը թույլատրելի է միայն այն անձանց համար, ովքեր տեղաշարժվում են փասատացի բնակավայրի հասցե վերադառնալու նպատակով:

Վրաստանի մասշտաբով ուժի մեջ է մնում պարետային ժամը՝ ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 06:00-ն:

Իրակլի Չիքովանին նշել է, որ համաճարակային իրավիճակի վերլուծության հիման վրա, հնարավոր է, կրկին սահմանվեն արգելքներ, ինչպես նաև՝ վերանայվի յուրաքանչյուր հաջորդ փուլի գործարկման ժամկետը: