Վրաստանում արտակարգ իրավիճակի հայտարարումից արդեն անցել է 40 օր։
Սահմանված կարանտինի և սահմանափակումների պատճառով բնակուչությունը դարձել է գործազուրկ։ Պետությունը հայտարարում է օգնություն տրամադրելու մասին։ Սակայն բնակիչների մոտ անորոշ իրավիճակ է տիրում, սահմանված օրենքներից ոչ բոլորն են տեղյակ, մարդիկ չգիտեն ում դիմեն, ինչպես վաստակեն իրենց ապրուստը, ինչ չափի օգնություն է տրվելու, ովքեր պետք է ստանան այդ օգնությունը, մի խոսքով դժվարություններն ու հոգսերը գնալով ավելանում են:
Բնակչությունը մնացել է առանց աշխատանքի, ոմանք ընդհանրապես գործազուրկ են, իսկ ովքեր որ ինչ-որ մի տեղից հացի փող էին վաստակում, արդեն մեկ ամսից ավել է գտնվում են կարանտինի մեջ:
Շատերը չեն կարողանում եւ չունեն հնարավորություն վճարելու կոմունալ ծախսերը, իսկ պետության կողմից տրվող օգնությունները ոչ բոլորին են հասանելի:
Բնակիչների կարծիքն ու բողոքները լսելի դարձնելու համար ներկայացնում ենք նրանց կարեւորագույն մեկնաբանություններից մի քանիսը, որոնք բնակիչները թողել են համացանցում NOR -ի տեղադրած նյութերի մեկնաբանություններում:
Օգտատերերից Թագուհին sms հաղորդագրության միջոցով գրում է. «Չգիտեմ ռեյտինգային բալերի համապատասխան օգնություն ստանալու ենք թե ոչ, մայրս մեկ ամսից ավել է ինչ գնում է ստուգումների, վարկ էինք վերցրել այն հույսով, որ օգնություն ստանալու դեպքում կմուծենք: Հիմա չգիտեմ թե ինչ ենք անելու»:
Մարդիկ անտեղյակ են թե ում դիմեն եւ ստանան տեղեկութուն:
Անդրանիկ Հովհաննեսյան. «Հարգելի ռադիո NOR, օգնեք խնդրում եմ, ինչպես եւ որտեղ ներկայացնել փաստաթղթերը»։
Գյուլնարա Հովհաննեսյան. «Ինչպես եք առանձնացնում կարիքավորներին, բոլորն են կարիքի մեջ»:
Լենա Ավագյան. «ժողովուրդը ճգնաժամի մեջ է, մի հատ էլ թանկացումներ մրգերի եւ բանջարեղենի»։
Եթե ուրիշ վայրերում գարուն է, ապա Նինոծմինդայում ցուրտ եղանակային պայմանները դեռեւս պահպանվում են: Այդ պատճառով բնակիչները նորից կանգնում են խնդրի առաջ, առանց աշխատանքի կամ գումարի ինչպես եւ որտեղից մուծել ջեռուցման ու մնացած կոմունալները:
Նաիրա Ղարսլյան. «Վճարում ենք ամիսը այնքան, ինչքան Թբիլիսիում վճարում են մեկ տարին, եւ ու՞ր է օգնությունը»։
Թերեզա Քթոյան. «Լավ կլիներ ամեն տանը մի պարկ ալյուր տային, շատ ու շատ ընտանիքներ ունեն դրա կարիքը»։
Մզիա Հակոբյան. «Ծաղրում են թոշակառուներին»։
Արթուր Մկոյան. «20 լարիով ավելացնում են թոշակը իսկ ապրանքը 10 անգամ թանկացնում»։
Ժաննա Հարությունյան. «Եթե թոշակառու մնա»:
Արկադի Փութուլյան. «Պարզ է որ կավելանա, այդքան բյուջեն լցրեցին»:
Մարդիկ ովքեր գործազուրկ են մնացել, նույնպես մեկնաբանություններով դիմում են NOR -ին, թե ինչպես ստանալ գործազուրկների համար նախատեսված օգնությունը եւ արդյոք նրանց հասնելու է թե ոչ:
Rima Rima. «Տանը 4 հոգի ենք ոչ մեկս չենք աշխատում այս վիրուսի պատճառով»:
P-yan Pash. «Ինչպես հստակ իմանանք թե ում կհասնի, մեր Ջավախքին հասնելու է թե ոչ»:
Սամվել Մնոյան. «Ինչ իմանանք իրական գործազուրկներին տալիս են փող»:
Ալիսա Դումոյան. «Իհարկե ինչ իմանանք թե ում է հասնելու այդ գումարը»:
Օգտատերերից շատերը բողոքում են տուգանքների համար:
Ալեքսանդր Գիգոլյան. «Ինչի համար են տուգանում մարդկանց, առանց այն էլ մարդիկ գումար չունեն 2-3 ամսում սովամահ կլինեն»…
Արտակ Ջինիսյան. «Իսկ ում է պետք դիմել 600 լարի գումարի չափով օգնությունը ստանալու համար»: