Նինոծմինդայում թափառող շները հարձակվում են մարդկանց, հավերի և հորթերի վրա, ինչը առաջացնում է բնակիչների դժգոհությունը:
Մշտական ուտելիք չունենալու պատճառով շները ուտելիքի հայթհայթման համար տարբեր ուղիներ են փնտրում ու դառնում ավելի ագրեսիվ ու վտանգավոր: Մեզ հետ զրույցում Կարլ Մարքս նրբանցքի բնակիչներից Վահեն պատմեց, որ տանից ոչ հեռու գտնվող դաշտում շները հարձակվել են իրենց հորթի վրա:
«Քանի որ արդեն գարուն է, ես բերել եմ հորթերին դաշտ արածելու, շները հարձակվել են ոչխարների վրա և կերել գառներից մեկին: Այնուհետև հարձակվել էին հորթերի վրա, բարեբախտաբար հարևանները օգնության են եկել բահերով և փրկել: Բացի այդ շները վնաս են տալիս հողամասերին՝ թափելով մազերը, աղբամանների աղբն են թափում ու հարձակվում են նաև երեխաների վրա: Նախանցյալ տարի ևս շները իմ հորթին վնասեցին, անցյալ տարի՝ հարևանի հորթին: Մենք հասկանում ենք, որ չի կարելի շներին սպանել, բայց պետք է ինչ-որ քայլ նախաձեռնել, որպեսզի նրանք բնակիչներին վնաս չտան», – նշում է Վահե Արիստակեսյանը:
NOR ռադիոն իր նյութերում բազմիցս անդրադարձել է այս խնդրին: Այս անգամ ևս մեր հարցին ի պատասխան Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը պատասխանեց, որ Սամցխե-Ջավախեթիում ապաստարան բացելու համար միջոցներ չկան, երբ որ միջոցներ լինեն, այդ ժամանակ էլ թափառող շների խնդիրը կլուծվի:
Մանրամասները լսեք նյութում.