Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում. Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդ

Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում. Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդ

Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում: Այս մասին ասել է Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդը հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, գրում է apsny.ge-ն։

«Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակաշրջանում։ Հայաստանը և Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում։ Հիշում եմ իմ հանդիպումը Հռոմի պապի հետ Վատիկանում։ Նա վերցրեց քարտեզը և նայեց Վրաստանի և Հայաստանի աշխարհագրական դիրքին։ Հետո ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը բավականին բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ նրանք քրիստոնեական օազիսներ են։ Այդ պատճառով էլ մենք պետք է առավել ուշադիր լինենք միմյանց հանդեպ։ Հաճախ են այն դեպքերը, երբ մեր ժողովուրդների այս կամ այն ներկայացուցիչը՝ լինի վրացի թե հայ, անում է այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են մեր հարաբերություններին»,- նշել է պատրիարքը։

Իլյա 2-րդը հիիշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի այցը Վրաստան և նրա հետ զրույցի մանրամասները։ Պատրիարքի խոսքով՝ նա ասել է Գարեգին 2-րդին, որ Հայաստանից Վրաստանի վերաբերյալ բացասական նամակներ են ուղարկվում ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ։

«Ես նրան ասացի, որ այդպես չպետք է լինի։ Մենք չպետք է միմյանց մասին վատը գրենք։ Վրաստանը ոչ մի բացասական բան չի գրի միջազգային կազմակերպություններին։ Այնպես որ, ես հույսս դնում եմ ձեզ վրա, և նրա վրա, որ դուք հասկանում եք մեր մտերմության նշանակությունը։ Երբ Վրաստանի համար էր լավ, լավ էր նաև Հայաստանի համար, և ընդհակառակը։ Այդ պատճառով էլ մենք պետք է պահպանենք մեր հարաբերությունները։ Ես ցանկանում եմ ասել, որ Վրաստանում ապրող հայերը շատ լավ հասկանում են դա, և ես շնորհակալ եմ նրանց ըմբռնման և ուշադրության համար»,- նշել է պատրիարքը։

tert.am



Opinion, pooling and voting