Ջավախքի շատ ընտանիքներ անմիջական ֆինանսական կախվածության մեջ են արտագնա աշխատանքից ստացված միջոցներից: Յուրաքանչյուր տարի փետրվար ամսից տղամարդիկ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Սակայն այս տարի կորոնավիրուսային համավարակի պատճառով տղամարդիկ ստիպված մնացել են տանը:
՛՛Զբաղվում ենք անասնապահությամբ: Հիմնական եկամուտը արտագնա աշխատանքից էր: Տանը երկու ուսանող կա: Այս տարի ոչ մի տեղ չկարողացա գնալ փակ սահմանների պատճառով: Ստեղծված իրավիճակում որդիս չի կարող ուսումը շարունակել և տարկետում է վերցնելու՛՛,- նշում է Աղվան Չափանյանը:
Վրաստանի Ֆինանսների նախարարությունը մշակել է ծրագիր, որով նախատեսվում է օգնություն տրամադրել բոլոր կատեգորիաների քաղաքացիներին: Սակայն շատերը լինելով ինքնազբաղված քաղաքացիներ, Պետական եկամուտների ծառայությունում գրանցված չլինելու պատճառով, չեն կարող օգտվել կառավարության հակաճգնաժամային ծրագրով նախատեսված օգնությունից:
՛՛Ես սովորաբար արտագնա աշխատանքի եմ մեկնում Ռուսաստան, մեր հիմնական եկամուտը այնտեղից է: Քիչ կով ենք պահում, քանի որ հող չունենք: 3 կով ունենք, որոնց համար անհրաժեշտ խոտը գնում ենք: Գոնե պետությունը օգնություն տրամադրեր՛՛,- ասում է բնակիչներից Արկադի Քլոյանը:
Հատկապես վատ վիճակում են հայտնվել այն ընտանիքները, որոնք չեն զբաղվում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ և սահմանների փակ լինելու պատճառով չեն կարող եկամուտ ստանալ դրսից: Այս խմբի մարդիկ խնդրում են պետությունից գոնե աշխատատեղեր ստեղծել տեղում, որպեսզի հնարավորություն ունենան պահել իրենց ընտանիքները:
Այս բնակիչների համար քաղաքապետարանը ևս օգնություն չի նախատեսում: