Լոլա Եսոյանը պատմում է Ամերիկայից ստացած տպավորությունների մասին

Լոլա Եսոյանը պատմում է  Ամերիկայից ստացած տպավորությունների մասին

Նինոծմինդա քաղաքից Լոլա Եսոյանը մեկն է այն դպրոցականներից, ով մասնակցել է ամերիկյան (Future Leaders Exchange) կրթական ծրագրին:

Լոլան Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտուհի է, ով 9 ամիս սովորել է ԱՄՆ-ի Այովա նահանգում FLEX ծրագրի շրջանակներում:

Լոլան պատմում է, որ 2019թ. հուլիսի 5 վաղ առավոտյան Վրաստանից մի խումբ ուսանողներով մեկնել են Մոլդովա, որտեղ անցկացրել են մեկ ամիս: Մոլդովայում նրանք տարբեր երկրներից եկած ուսանողների հետ սովորել են կրթական ճամբարում, որի աշխատանքային լեզուն եղել է անգլերենը:

“Ինձ այդ ճամբարը շատ օգնեց: Ես շատ ընկերներ ձեռք բերեցի և լավ ժամանակ անցկացրի: Ճամբարում անցկացվում էին տարբեր միջոցառումներ, կամավորական աշխատանքներ: Մեկ ամիս անց ուշ գիշերով մեկնեցինք Վաշինգտոն, որտեղ հավաքվեցինք FLEX ծրագրի բոլոր մասնակիցներով: Այնուհետև մեկնեցինք Չիկագո, որտեղից յուրաքանչյուրը մեկնեց իր նահանգը”,- պատմում է Լոլան:

Լոլան մեկնել է Այովա նահանգ, որտեղ անցկացրել է 9 ամիս: Այնտեղ նրան արդեն սպասում էր նրա հյուրընկալող ընտանիքը: Երկու օր շարունակ ժամային գոտիների փոփոխության հետևանքով նա դժվար է արթնացել քնից: Նրան հյուրընկալ ընտանիքը շատ ջերմ է ընդունել:

«Օգոստոսի 28-ից մեկնարկեցին ավագ դպրոցի դասընթացները, որը տարբերվում էր մեր դպրոցից նրանով, որ յուրաքանչյուր դաս անցկացնում էինք տարբեր դասասենյակներում: Բոլոր դասերը անցկացնում էինք նոթբուքերով: Առարկաները ընտրովի էին և շատ հետաքրքիր»,- պատմում է Լոլան:


Ինչպես նա է պատմում, սկզբում նրան դժվար է եղել, քանի որ նրա իմացած անգլերենը տարբերվել է ամերիկյանից: Նրան տեղի անգլերենը ավելի լավ հասկանալու հարցում օգնել է հյուրընկալ ընտանիքի մայրը: Դպրոցի դասերը սովորելու հարցում օգնել է ընտանիքի աղջիկը իր ընկերուհիների հետ միասին: Բացի դասերից Լոլան կատարել է նաև կամավորական աշխատանքներ: Այովա նահանգում 9 ամիս անցկացնելու ընթացքում նա կատարել է 85 կամավորական աշխատանք: Ներկայացրել է 13 պրեզենտացիաներ և պատմել վրաստանյան կյանքի, մշակույթի ու կրթության մասին:

“Ամերիկայում մարդիկ ազատ են ապրում, իսկ Նինոծմինդայում հաճախ լսում են մյուսների կարծիքը: Ինձ թվում է, որ այնտեղ ավելի հեշտ է ապրել”,-նշում է Լոլան:

Լոլան մինչ մեկնելը երազել է ապրել բարի ընտանիքում և հենց այդպիսին էլ եղել է նրան հյուրընկալող ամերիկյան ընտանիքը:

«Երազում էի նաև Վերջին զանգի միջոցառման մասին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով այն տեղի չի ունենա: Մեծագույն ձեռքբերում եմ համարում տարբեր երկրներից ունեցած ընկերներս, անգլերենի գիտելիքներս և երկրորդ ընտանիքը ԱՄՆ-ում: Այս ծրագիրը ինձ օգնեց դառնալ ավելի ինքնավստահ և համարձակ»,-ասում է Լոլան:


Վերադառնալով Նինոծմինդա՝ ապագա ուսանողուհին ցանկանում է ավարտել 12-րդ դասարանը և ուսումը շարունակել այլ երկրում:

Վերջում նա հավելեց, որ չնայած կկարոտի Նինոծմինդան, սակայն չի ցանկանա վերադառնալ և այստեղ աշխատել: